
Իրաքյան բանակը հայտնել է երկրի հյուսիսում քրդական «փեշմարգա» ուժերին պատկանող անօդաչու սարք խոցելու մասին, փոխանցում է
РИА Новости գործակալությունը:
Անօդաչուն նկատվել է Բաղդադի և Էրբիլի միջև վիճելի տարածքում՝ Մոսուլից հարավ:
Ենթադրվում է, որ անօդաչուն այստեղ է ուղարկված եղել հետախուզական նպատակներով և փորձել է լուսանկարներ անել, ինչն արգելված է այդ տարածքում:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Իրաքի խորհրդարանը որոշում է կայացրել Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող թուրքմենաբնակ Քիրկուկ շրջան զորք մտցնելու մասին:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: