Թրամփը մտադիր չէ նախապես խոսել Հս. Կորեայի հարցում իր գործողությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ նախապես խոսել ԿԺԴՀ-ի նկատմամբ իր գործողությունների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաղորդավարը խնդրել է Թրամփին մեկնաբանել «փոթորկից առաջ լռության» մասին իր խոսքերը, որոնք ԱՄՆ նախագահն ասել էր ԿԺԴՀ-ի առնչությամբ: Թրամփը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ ԿԺԴՀ խնդիրը եղել է «ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ 15, 10 և 5 տարի առաջ»: Նրա խոսքով՝ «դա եղել է ոչ միայն Բարաք Օբամայի տարիներին, սակայն, անխոս, Օբաման դրանով չի զբաղվել»: Թրամփը ևս մեկ անգամ «խայթել» է իրեն նախորդած նախագահին՝ նշելով, որ նա բազմիցս նախապես հայտարարում էր իր գործողությունների մասին: «Ես հիշում եմ՝ Մոսուլի գրոհի ժամանակ: Ասում էին՝ մենք գրոհելու ենք Մոսուլը չորս ամսից, երեք ամսից»,- ասել է նա: «Ես չեմ ասում՝ ես ինչ-որ բան եմ անում: Եվ ես չեմ ասում՝ ես ինչ-որ բան չեմ անում»,- ընդգծել է Թրամփը՝ նկատի ունենալով ԿԺԴՀ-ի նկատմամբ քայլերը: Օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտածելու լուրջ առիթ էր տվել լրագրողներին, երբ երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիսավոր ընթրիքից առաջ անսպասելի հայտարարություն էր արել: Լրագրողների փոխանցմամբ՝ ընթրիքի սկսվելուց առաջ Թրամփը մատով ցույց էր տվել դահլիճն ու հարցրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Գիտե՞ք՝ ի՞նչ է այս ամենը նշանակում, միգուցե սա լռություն է փոթորկից առաջ»: Այնուհետ լրագրողները փորձել էին Թրամփից ճշտել, թե «փոթորիկ» ասելով նախագահն ինչ է նկատի ունեցել: «Կիմանաք»,-ասել էր երկրի նախագահը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.