Զինվորի սպանությունը կապված էր Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հետ. ադրբեջանցիների հետ պայմանավորվելն ուղղակիորեն վտանգավոր է. Ստ. Գրիգորյան

Մենք բավականին ծանր վիճակում ենք հիմա գտնվում, մի կողմից աշխարհն ուզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, մյուս կողմից՝ համաձայնում ես, կրակն ես ընկնում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում: «Ավանդույթ է, եթե կա կոնֆլիկտ, կողմերը պետք է պատրաստ լինեն բանակցել կամ հանդիպել, ու դու չես կարող աշխարհին ասել՝ մենք չենք գնա հանդիպմանը՝ դա բացասական կանդրադառնա Հայաստանի իմիջի վրա»,-ասել է Ստեփան Գրիգորյանը: Թեև խոսվում էր մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպելու մասին, բայց քաղաքագետը չգիտի՝ այդ գագաթնաժողովը նկատի ունեի՞ն, թե այլ: «Դեպքերը նույն հաջորդականությամբ կրկնվեցին: Ե՛վ օգոստոսին, մինչև Նալբանդյան-Մամեդյարով սեպտեմբերյան հանդիպումը, և՛ հիմա նույն բանը եղավ: Երբ հայկական կողմը հանդիպման համաձայնություն է տալիս, ադրբեջանցիները սկսում են կրակել, սպանում են մեր զինվորներին և սկսում են ինչ-որ հայտարարություններ անել, որոնք կա՛մ անհեթեթ են, կա՛մ պրովոկացիոն, բառիս բուն իմաստով սադրանք են»,-վերլուծել է քաղաքագետը: Նա հիշեցրել է, որ երկու օր առաջ Ալիևն իրենց կառավարության առջև հանդես եկավ, Ղարաբաղի մասին ինչ-որ անիմաստ, անհեթեթ բաներ ասաց: Բացի այդ, իրենք կրակեցին ու այս անգամ ոչ թե շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին: «Զինվորի սպանությունը կապված էր Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հետ, որը համաձայնեցված է, որ պետք է լինի, Սոչիում, թե այլ տեղում՝ կարևոր չէ: Սա նշանակում է, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվելն ուղղակիորեն վտանգավոր է: Անկանխատեսելի քայլեր են անում, կամ կանխատեսելի բացասական քայլեր: Այո, բավական լուրջ վիճակում ենք, մի կողմից ես միանշանակ ճիշտ եմ համարում, որ պետք է համաձայնել մասնակցել հանդիպմանը, որ փորձ արվի վերսկսելու բանակցային պրոցեսը, մյուս կողմից՝ դու տեսնում ես, թե ում հետ գործ ունես»,-նշել է Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ Ալիևի այդ ելույթն ուղղված էր և՛ միջազգային հանրությանը, և՛ մեզ: Ոչ մի բառ չի խոսվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, նորից իրենց երգն են երգում, ասում են՝ մենք Հայաստանի պարանոցին փաթաթեցինք մեր պայմանները, մեր ուզած օրակարգով կգնան բանակցությունները: «Դա նշանակում է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից իրենք վախենում են, քանի որ այնտեղ կան հետաքննության մեխանիզմների ներդրման, վստահության մթնոլորտի ստեղծման մասին և այլն: Ես կարծում եմ՝ այս հանդիպումներն իրենք փորձում են օգտագործել նորից նախապայմաններ դնելու համար: Նախապայմանային քաղաքականություն են վարում: Իրենք ասում են՝ զորքերն ինչ-որ տեղերից դուրս բերեք, ես նույնիսկ չեմ հասկանում՝ ո՞ր տարածքների մասին են խոսում, ի՞նչ իմաստ ունի դրա մասին խոսելը, բայց իրենք ասում են՝ զորքերը դուրս բերեք, նոր կխոսենք»,-ասաց նա։ Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն ունեն պարտավորություններ Հայաստանի առջև ու երբ որ մենք ասում ենք՝ Ղարաբաղի դեպքում ինչո՞ւ չեք արձագանքում, իրենք ասում են՝ դե, այս հարցը Մինսկի խմբի շրջանակներում է որոշվում. «Ես էլ ասում եմ՝ հիմա Ադրբեջանի դիպուկահարը կրակել է Հայաստանի սահմանին կանգնած զինվորին: Հիմա իրենք հայտարարություն կանեն, որ տեղը դնեն Ադրբեջանին: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այդ հարցը պետք է դնեն: Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է զոհվել, կարձագանքե՞ն ՀԱՊԿ-ն և Ռուսաստանը: ՀԱՊԿ-ի գեներալներից մեկը մի քանի օր առաջ ասաց՝ եթե վտանգ լինի Հայաստանի ուղղությամբ ՝ մենք կպաշտպանենք, ինչի՞ հետ է դա կապված: Իրենք գիտեն, որ Հայաստանում տրամադրությունները լուրջ փոփոխությամբ են ենթարկվում, հասարակությունն ավելի կրիտիկական է տրամադրված Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ, ու ուզում են մեղմացնել»: Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է ի պաշտոնե դիվանագիտական խողովակներով ասի՝ արձագանքեք, կամ, օրինակ՝ այս սադրիչ ելույթի հարցը պետք է անպայման դնել Մինսկի խմբի առջև և ասել՝ մինչև նախագահների հանդիպումն ինչպե՞ս կարելի է այդպիսի ագրեսիվ մեսիջ ուղարկել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.