Եթե ժամանակին չի արգելվել, ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք. նախարարը՝ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումից հանելու վերաբերյալ լուրերին, ասաց, որ այդ մասին քննարկումներ չկան: «Երբ օպտիմալ լուծումը գտնենք, կներկայացնենք»,-ասաց նա և շեշտեց, որ Հայաստանը աջակողմյան երթևեկության երկիր է և իր կարծիքով՝ պետք է աջակողմյան երթևեկություն լինի: Նա չբացառեց, որ վարորդների կողմից բողոքներ լինեն: «Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: Ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների, մի քիչ եկեք ապագային նայենք, ոչ թե յոլա գնալու ձևով: Տեսե՛ք, դուք ասում եք՝ ժամանակին արգելեիք, բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք: Տարբեր քննարկումեր կան»,-ասաց նա և նշեց, որ թեև շրջանառությունից հանելու խնդիր չկա, սակայն ժամանակ կտրամադրվի վարորդներին, եթե նման հարց բարձրանա: Հարցին, թե ինքը՝ որպես վարորդ, փորձե՞լ է աջ ղեկով վարել, նախարարը դրական պատասխան տվեց և նշեց, որ անհարմար է եղել: Ինչ վերաբերում է ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերի էժանացմանը՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Կան քննարկումներ: Մենք ունենք կոնկրետ համաձայնագրեր ԵԱՏՄ-ի հետ, որ 2020 թվականին կմտնեն ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»: Հարցին, թե արդյո՞ք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը փոխհատուցում կտրամադրի կամ կկոմպեսացի ղեկի տեղափոխման ծախսերը, Վահան Մարտիրոսյանը նշեց. «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել: Եթե որոշում չկա, ինչի՞ մասին ենք խոսում»:
Մեկնաբանություններ