
Հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի խորհրդարանի շենքում կայացել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր կազմի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, հանդիպմանը կողմերը քննարկում են ծավալել միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների բարեկամանական խմբերի միջև համագործակցության խթանման, երկկողմ քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններում խորհրդարանների և պատգամավորական խմբերի, որպես հանրային դիվանագիտության օղակների կառուցողական դերակատարության, ինչպես նաև Բուլղարիա-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերություններում բուլղարահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցերի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Հաշվի առնելով ապրանքաշրջանառության ծավալների ցածր մակարդակը` կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ` օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը:
Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բուլղարահայ համայնքի կառուցողական դերն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ Բուլղարիայի կառավարության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը:
Կողմերը կարևորել են նաև ԲՀ-ՀՀ պատգամավորական խմբի և հայ համայնքի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա զարգացումն ու այդ գործում ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը: