ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ճեպազրույց կանցկացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին ճեպազրույց կանցկացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով: Այդ մասին հաղորդվում է հանձնաժողովի կայքում: «Կանխելով Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» թեմայով ճեպազրույցին կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախկին ամերիկացի համանախագահները՝ Քերի Կավանոն և Ջեյմս Ուորլիքը: Միջոցառմանը նաև կմասնակցեն անկախ փորձագետներ, որոնք կգնահատեն հակամարտության գոտում ներկա դրությունը, Մինսկի խմբի ձևաչափը և կայուն խաղաղության ձեռքբերման հեռանկարը: Ինչպես նշված է հաղորդագրությունում, անցած տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ երկու տասնամյակի ընթացքում ռազմական գործողությունների ամենաուժեղ բռնկումը: «Քառօրյա պատերազմի» հետևանքով զոհվեց մոտ 200 մարդ: Այն ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բոլորովին «սառած» հակամարտություն չէ: Պարբերաբար տեղի ունեցող հրադադարի խախտումները սպառնում են հրահրել ավելի մեծ մասշտաբների հակամարտություն, որը կարող է ներգրավել խոշոր տարածաշրջանային դերակատարներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Լեռնային Ղարաբաղի հրադադարի փխրունությունն ընդգծում է Մինսկի խմբի գործընթացում Միացյալ Նահանգների ներգրավվածության կարևորությունը, ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանություններ