ՀՀԿ-ական գյուղապետը, նրա կինը, և բժշկական կենտրոնի տնօրենը փորձել են խլել լրագրող Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը, նրան փակի տակ պահել (տեսանյութ)

  Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, նույն մարզի Շատին համայնքի բուժական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը եւ վերջինիս քույրը խոչընդոտել են Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական օրինական գործունեությունը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել։ Միջադեպը տեղի է ունեցել Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում։ Լրագրողը նախապես պայմանավորվել է բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ, նպատակ ունենալով պատրաստել տեսանյութ համայնքի բժշկական կենտրոնի հին մասնաշենքի քանդման վերաբերյալ։ Բժշկուհի Զոյա Մարտիրոսյանը համաձայնել է հարցազրույց տալ։ Նա բժշկական կենտրոն էր եկել քրոջ, ով նույն կենտրոնում աշխատում է որպես բժշկուհի, եւ Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, ով Զոյա Մարտիրոսյանի փեսան է։ Հարցազրույցի ընթացքում Armday.am-ի լրագրողը Զոյա Մարտիրոսյանին հարցրել է համայնքում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ վերջինս մահվան տեղեկանքներ տրամադրելու համար պահանջում է քսան հազար դրամ, բացի այդ անվճար դեղորայքների դիմաց դարձյալ գումար է պահանջում։ Հարցն ակնհայտ դուր չի եկել Զոյա Մարտիրոսյանին։ Նա եւ նրան հարցազրույցի ընթացքում ուղեկցող քույրը՝ գյուղապետի կինը լրագրող Փայլակ Ֆահրադյանին մեղադրել են պատվեր կատարելու մեջ։ Զոյա Մարտիրոսյանը եւ բժշկուհի քույրը հայտարարել են, թե նման խոսակցություններ համայնքում տարածել է գյուղապետ Տիկոն։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանի մասին է։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Զոյա Մարտիրոսյանի եւ Տիգրան Խուդոյանի հարաբերությունները լարված են, և բժշկական կենտրոնի տնօրենը՝ իր գործունեության վերաբերյալ ցանկացած հարց դիտարկում է պատվերի շրջանակներում։ Զոյա Մարտիրոսյանը լրագրողին մեղադրել է նաեւ կառավարության օգտին աշխատելու մեջ։ Պարզվում է կառավարության որոշմամբ է գյուղի բժշկական կենտրոնը հատկացվել համայնքի տրամադրությանը, եւ համայնքապետն էլ որոշել է հին մասնաշենքը վերակառուցել եւ այն ծառայեցնել որպես մանկապարտեզ։ Զոյա Մարտիրոսյանին ուղղված հարցը նրան եւ քրոջը դուր չեն եկել, եւ նրանք հարձակվել են լրագրողի վրա, փորձել են խլել վերջինիս տեսախցիկը, ջնջել կրիչի պարունակությունը։ Ապա բժշկուհիները ներս են կանչել դրսում գտնվող Քարագլուխ համայնքի ղեկավար, Հանրապետական Արթուր Ստեփանյանին, փակել բժշկական կենտրոնի դուռը եւ լրագրողին արգելել դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ջնջվել կրիչի պարունակությունը։ Փայլակ Ֆահրադյանին հաջողվել է սենյակից զանգահարել ոստիկանություն, որից հետո միայն նրանք դուռը բացել են, եւ լրագրողը դուրս է եկել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի տեղակալն ու քրեական վարչության պետը։ Լրագրողը գնացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։ Armday.am-ը հրապարակում է միջադեպի վերաբերյալ ամբողջական տեսանյութը։ Լրատվամիջոցը հետևողական է լինելու, որպեսզի պատժվեն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտող բոլոր անձինք, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից եւ մասնագիտությունից։ Մեկ անգամ եւս ընդգծում ենք պատվեր կատարելու մեջ լրագրողին եւ լրատվամիջոցին մեղադրող անձինք, լրագրողի տեխնիկան խլելու փորձեր կատարողները եւ ազատությունից զրկողները միանշանակ պատժվելու են օրենքի ամբողջ խոստությամբ։ Կատարվածից հետո Armday.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել բժշկուհի Զոյա Մարտիրոսյանի եւ նրա փեսա՝ գյուղապետ Արթուր Ստեփանյանի գործունեության, նրանց հովանավորյալների եւ քաղաքական «պապաների» մասին։ Այս մասին հրապարակումներ կներկայացնենք առաջիկայում։ Սույն հրապարակումով եւ տեսանյութով հրավիրում ենք իրավապահ մարմինների, Վայոց Ձորի մարզպետի եւ Առողջապահության նախարարի ուշադրությունը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.