Նախագահի ակնարկը` վարչապետին

Օրեր առաջ Տավուշում նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել լրագրողների հետ` համաձայնելով պատասխանել միայն մեկ հարցի: Հարցը վերաբերում էր վարչապետի հրաժարականի մասին լուրերին: Նախագահն, ըստ էության, հերքեց այդ լուրերը:  «Վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակվող լուրերն, իբր, գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք շատ լավ հասկանում ենք, եւ կուսակցության, եւ իշխանության մակարդակում, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչն է նրանց ցանկությունը: Բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է նախագահը: Այս հայտարարությունից հետո կարկառուն ՀՀԿ-ականները սկսեցին հայտարարել, թե իրենք էլ շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ հայտարարություններն անողները: Բայց հարցին, թե արդյոք երբ նախագահն ասում է, որ վարչապետը հրաժարական տալու պատճառ չունի, դա վերաբերում է մինչև 2018 թվականը, թե նաև նրանից հետո, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը միանշանակ պատասխան չի տվել: Մյուս ՀՀԿ-ականները ևս հորդորում են չշտապել, սպասել, իբր դեռ չեն ցանկանում ասել: Ըստ էության, այս հայտարարությամբ նախագահն ակնարկում էր նաև Կարեն Կարապետյանին, որ պաշտոնին մնալը վտանգի տակ է, և 2018 թվականից հետո դա կրկին կախված է իրենից, նաև նրանից, թե նախագահի հետ ունեցած հակասություններին վարչապետը վերջ կտա, թե ոչ...  
Մեկնաբանություններ