Այդ դեպքում արդեն կհնչեն համապատասխան քաղաքական գնահատականներ. «Ելքի» պատգամավոր

«Պարզ է, որ փոքրամասնության դեպքում կլինեն իրավիճակներ, երբ կներկայացվեն նախագծեր, օրինագծեր, որոնց ընդունվելու կամ չընդունվելու վրա մենք ազդեցություն զուտ քվեարկության վրա չենք կարող ունենալ, բայց միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այստեղ ենք քաղաքական բովանդակություն ստեղծելու համար, այսինքն` մշտապես ցանկացած նախագծի վերաբերյալ մենք ունենք մեր այլընտրանքային նախագիծը: Եվ եթե այդ առաջարկը հանրային շահի տեսանկյունից նպաստավոր է, խնդիր չկա 9ընդունելու, ու մերժվում է, այդ դեպքում արդեն կհնչեն համապատասխան քաղաքական գնահատականներ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» կուսակցությունների դաշինքի խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նա նշեց, որ այդ դեպքում պարզ կլինի, որ տվյալ դեպքում ոչ թե հանրային շահն է գերակա, այլ մասնավոր շահերն են առաջնային դառնում: «Ըստ էության, Ազգային ժողովը բանավեճերի տեղ է, և պարտադիր չէ, որ այն խմբակցություններին ուղղված լինի, ավելի շատ ուղղված է մեր ընտրողներին և չընտրողներին, ովքեր 5 տարիների ընթացքում առիթ կունենան վերաիմաստավորել իրենց քվեն»,-հավելեց նա: Դիտարկմանը, թե խորհրդարանն ավելի շատ հիմա կոճակ սեղմողների տեղ է դարձել, ոչ թե բանավեճերի, նա արձագանքեց. «Մեր խնդիրն է ավելի շատ առիթներ ստեղծել բանավեճի համար, առիթները մենք անպայման կստեղծենք, որովհետև առանց բանավեճերի հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանը: Ես հակված եմ այդ բանավեճը տարածել հանրության շրջանում, ներգրավել հանրության այն շերտերին, ովքեր անհաղորդ են մնում իրենց կյանքի հետ կապված հարցերին, որպեսզի իրենք նաև մտածեն իրենց հետագա ընտրության վերաբերյալ»,-եզրափակեց Նազարյանը:
Մեկնաբանություններ