Րաֆֆի Հովհաննիսյանը փրփուրներից է կառչում

«Ժառանգություն» կուսակցությունը մի բան էր 2013 թվականին, մի բան է հիմա: Հիմա, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը միավորվեց Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, իսկ արդյունքում նույնիսկ չկարողացավ խորհրդարան անցնելու յոթ տոկոսանոց շեմը հաղթահարել, կուսակցությունը փաստացի չկա: Անունը կա, գրանցված է Արդարադատության նախարարությունում, սակայն կուսակցական գործունեություն տեսնել դժվար է: Օրերս կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարություն է արել, թե կուսակցության համագումարի ժամանակ իրենց առաջարկելու են միավորվել այլ կուսակցությունների հետ: Նա նաև հայտնել է, որ արդեն հանդիպում եղել է Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ: Չի բացառվում, որ նման առաջարկ արվի նաև «Ելքին»: Norlur.am-ի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը իր մերձավորների շրջապատում հայտարարել է, թե միայն սա կարող է փրկել կուսակցությունը, և դրանից հետո իրենք ավելի մեծ քանակով, այսինքն ավելի հզոր ուժով կարող են պայքարել Հայաստանի ազատագրման, այն է իշխանափոխության համար: Լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» ղեկավարն ասել է, որ այս բոլոր հարցերը քննարկվելու են մյուս ամիս կայանալիք կուսակցության համագումարում: «Մենք պիտի փորձենք իրացնել այն դասերը, որ այսօր կան»,-նկատել է նա:
Մեկնաբանություններ