Աթոռակռիվն արդեն սկսված է. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` այսօր մրցավազք է արդեն սկսված, թե 2018 թվականին ով ինչ պաշտոն է զբաղեցնելու: Նկատենք, որ 2018 թվականի ապրիլից հետո նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է: «Այսօրվա դրությամբ ես կարծում եմ, որ պարոն Սարգսյանը խառնաշփոթի մեջ է, այն պայքարը, որ տեղի է ունենում, այն քաստինգը, որ հայտարարված է, նա մասնակից չէ, նա այդ ամենի ղեկավարն է»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը: Ըստ նրա, պետք է դեռ սպասել հասկանալու համար, թե  2018 թվականից հետո որտեղ կտեսնենք Սերժ Սարգսյանին, ինչ պաշտոնում: «Կապրենք, կտեսնենք, բայց նա ինչ-որ դերով կմնա քաղաքականության մեջ որպես հիմնական դերակատար գոնե կամ մասնակից գոնե առաջին ժամանակահատվածում իր հեռանալուց հետո»,-կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս նշեց, որ արդեն իշխանության մեջ նշմարվում են աթոռակռվի համար մարտի մտնողներ, և այդ պայքարը գնալով ավելի է թեժանալու:
Մեկնաբանություններ