«Ելքը» պատրաստ է դիմադրելու` առանց նախկին սխալները կրկնելու

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանը Norlur.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդարանում իրենց առաջին մի քանի նախագծերի տապալումը դեռ չի նշանակում, որ իրենք պիտի հուսահատվեն ու ոչ մի առաջարկ, ոչ մի նախագիծ չմշակեն ու չանեն: «Մենք խորհրդարանում ենք այսուհետ, մենք մանդատ ունենք ու չենք պատրաստվում հանձնվել: Ճիշտ է, եթե ավելի շատ քվե ունենայինք, ավելի շատ մանդատ կունենայինք, համապատասխանաբար ավելի ուժեղ կլինենք, բայց կարևորն այն է, որ արդյունավետ կերպով օգտագործենք մեր մանդատները և մեր ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնենք»: Սասուն Միքայելյանի համար բնական է, որ «Հանրապետական» կուսակցության համանուն խմբակցությունը, որ մեծամասնություն է կազմում խորհրդարանում, իրենց առաջարկներին կողմ չի քվեարկել: Հարցին, թե միգուցե այլ ճանապարհով է պետք պայքարել ՀՀԿ-ի դեմ, նա պատասխանեց. «Մենք ասել ենք, հիմա էլ հստակեցնում ենք, որ մենք ընտրությունների միջոցով ենք տեսնում ելքը: Մենք չենք ուզում կրկնել նախկինում մեր և ուրիշների արած սխալները»: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա պատգամավորն ընդգծեց, որ եթե նրանք աջակցեն իրենց ծրագրերին, դա կլինի փոխադարձ, քանի որ երկուսն էլ իշխանության ու կոալիցիայի մեջ չեն: «Մենք պատրաստ ենք դիմակայելու, դիմադրելու»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ