Հայաստանը բաց է թողնում դուռը Արևմուտքի առաջ

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անուններն այլևս հայտնի են, պարզ է նաև, թե որ հանձնաժողովներն են մնացել, ու որոնք կրճատվել: Միգուցե շատերի համար անակնկալ կերպով մնացածների թվում նաև Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովն է, ինչը, պետք է նկատել, հստակ ժեստ է ուղղված նախևառաջ Արևմուտքին: Բանն այն է, որ հատկապես պայմանավորված Հայաստանում ռուսական թևի հզորացմամբ` ի դեմս Կարեն ու Սամվել Կարապետյանների` վերջին շրջանում գրանցած առաջխաղացման, շատերի մոտ հիմնավոր կասկածներ  էին գոյացել  առ այն, թե արդյոք չի՞ փակվի այն ԱԺ հանձնաժողովը, որն անմիջականորեն պատասխնատու է մեր երկրի ու Եվրոպայի միջև ինտեգրացիոն խնդիրների լուծման հարցում: Եվ ահա պարզվում է, որ իշխանությունները հստակ քայլ են կատարել ու չեն վերացրել հանձնաժողովն, ինչը, բնականաբար, չի կարող բացատրվել բացառապես մեկ հոգու կամայական որոշմամբ. դրա տակ շատ կոնկրետ խորքային պատճառներ կան: Բոլոր խոսակցություններն այն մասին, թե ևս  մի քանի ամիս, ու Հայաստանն այլևս զրկվելու է Արևմուտքի հետ ինքնուրույն երկխոսություն ծավալելու հնարավորությունից, փաստորեն, չափազանցված դուրս եկան: Ավելին`ստացվեց այնպես, որ ինչ-ինչ գործոններով պայմանավորված`այսօր արդեն կարող ենք նկատել, որ Ռուսաստանի առաջխաղացումը Հայաստանում, մեր երկրի լիակատար ռուսիֆիկացումը մտել են պասիվ փուլ, որի ապացույցներից մեկն էլ, անկակսկած, Սամվել Կարապետյանի եղբոր` Կարեն Կարապետյանի որոշումն էր` չառաջադրվելու ԱԺ նախագահի պաշտոնում: Ճիշտ է`միգուցե ոմանք այդ որոշման մեջ բացառապես ներքաղաքական իրողություններով պայմանավորված քայլ տեսան, սակայն, անկասկած է, որ աշխարհաքաղաքականություն այս ամենում ևս լա: Այլ կերպ ասած` Եվրաինտեգրման հանձնաժողովի պահպանումը որոշակի մեսիջ է` Արևմուտքին Հայաստանի պատրաստակամության մասին` զարգացնելու հարաբերություններն Եվրոպայի, Ամերիկայի հետ, ինչը, նկատենք, բավական համարձակ քայլ է`թեպետ, բնականաբար, համաձայնեցված Մոսկվայի հետ, ինչը նույնպես տարօրինակ չէ. Հայաստանը չի կարող անտեսել իր ռազմավարական գործընկերոջ շահերն ու պարտավոր է  հաշվի նստել Կրեմլի հետ: Թե իրականում որքանով կնպաստի այս հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում հայ-եվրոպական հարաբերությունների ջերմացմանը կամ համագործակցության խորացմանն, իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց որ շատ մեծ հույսեր պետք չէ կապել դրա հետ, անկասկած է. սա ավելի շատ ձևական քայլ է, ինչը, սակայն, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պարագայում կարող է և ռեալ պտուղներ տալ:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.