Կյանքը պայքար է, թե փորձադաշտ. ապրիլյան պատերազմից հետո

Ապրիլյան դեպքերը իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն ունեցան մեզանից յուրաքանչյուրի հոգեկան աշխարհի վրա: Աննկարագրելի էր այդ օրերին մարդկանց համախմբվածությունը և զինվորի կողքին կանգնելու մղումը: Այսօր համեմատական հանգիստ վիճակում ենք գտնվում, սակայն զինվորի հանդեպ վերաբերմունքը փոխվել է, որը ոչ մի կերպ ժխտել չենք կարող: Երբեմն մտածում եմ, մի՞թե հարկավոր է կորուստներ կամ ճգնաժամային վիճակներ լինեն ու նոր արթնանալ, իսկ ինչո՞ւ այդ համախմբումը, միմյանց հանդեպ հոգատարությունը և սերը չի կարելի մեր ամենօրյա կյանքի ընթացքում ցուցաբերել…սա այն հարցն է, որի  պատասխանն այդպես էլ միանշանակ չեմ կարող տալ: Այն, որ  մեր զինվորին պետք է ամեն օր հիշել, դա անասելի է, քանի որ  իր եզակի ու անգնահատելի գործը արժանի է ոգևորման, որով շատ քիչ բան ենք անում : Հաճախակի այցերս զորամասեր, զինվորների հետ իմ ամենօրյա զրույցները թույլ են տալիս հպարտորեն խոսել նրանցից յուրաքանչյուրի մասին և նորից ու նորից ընդգծել այն կարևոր փաստը, որ  պետք է ճանաչել նրանց,  խոսել այն հերոսական քայլերի մասին, որ արել ու անում են այս երիտասարդներն իրենց կյանքի երկու ամենանվիրական տարիների ընթացքում: Վերջերս ծանոթացա և ճանաչեցի մի անձնավորության, ում պատիվ ունեմ ներկայացնելու: Արամ Ենգիբարյանի մարդկային բարձր որակներն ու արժեքները ճանաչելուց զատ, ինձ հուզել է այն կարևոր փաստը, որ նա եղել է քառօրյայի այն հերոսներից, ով իր տանկով մաքառել է թշնամու դեմ ու անցել պայքարի դաժան օրեր՝իր զինակից ընկերների ու հրամանատարների հետ միասին: Արամը ծառայել  է ԼՂՀ զորամասերից մեկում: Նա եղել է  Մարշալ Բաղրամյանի անվան տանկային բրիգադայի ավագ սերժանտ, տանկիստ: -Ի՞նչի մասին էիր մտածում ծառայության ընթացքում: Ծառայության ընթացքում հիմնականում մտածում ես ընտանիքի, տան, քո քաղաքացիական կյանքի մասին: Մտածում ես, թե  տղաները ի՞նչ են անում հիմա, քո  ընկերների մասին, ովքեր են հիմա  այն տեղում նստում, որտեղ ժամանակին դու ես նստել քո  ընկերների հետ միասին: -Ի՞նչ է կյանքը  քեզ  համար զինվորական ծառայությունից հետո: Ծառայությունը տղաների համար մեծ քայլ է իր կյանքի համար: Դա այն վայրերից մեկն է, որ սովորեցնում է ապրել  դժվար ու աննկարագրելի պայմաններում, որի մասին չէիր էլ կարող մտածել, ապրել այդ  առօրյայով: Այդ  երկու տարիներից հետո դառնում ես ավելի կայուն ու հավասարակշռված, սկսում ես  ավելի  շուտ հասկանալ մարդկային տեսակները: Ճիշտ է՝ ծառայությունը յուրաքանչյուրիս պարտքն է, սակայն քաղաքացիական կյանքը քեզ  համար դառնում է ազատության շունչը և սկսում ես ավելի գնահատել  այն ամենը, ինչը ժամանակին սովորական ու ոչ կարևոր էր քեզ  համար: - Քառօրյան արդեն ետևում է և այսօր արդեն զինվորական պատասխանատու դերից անցել ես քաղաքացիական կյանքին: Ի՞նչն է հատկապես այսօր քեզանում մնացել այդ  օրերից: Զինվորական խաղաղ առօրյայում երբեմն խոսում էինք՝ եթե պատերազմ լինի, ինչ կանենք, ինչի՞ ենք մենք ունակ և  մի պահ  մտածում էի արդյո՞ք մենք ունակ ենք: Ասեմ , որ  այո…վստահեցնում եմ, որ մեր բանակը միգուցե  սպառազինությամբ զիջում էր  հակառակորդին, սակայն կա անբնութագրելի մի ուժ, որ մեզ դարձնում է մի  բռունցք, որով կարող ենք հարվածել թշնամու ամենացավոտ և թույլ տեղին: Դրա վառ ապացույցը եղավ քառօրյա պատերազմը, որի ժամանակ մեծանում է հայրենասիրությունը և քո հարազատների հանդեպ եղած սերը: Մահվանն այդքան մոտ գտնվելով հանդերձ սկսում ես չվախենալ դրանից. երևի դա է ավելի շատ իմ մեջ մնացել: - Ո՞րն է  քո  կարգախոսը և ի՞նչ կփոխանցես մեր հայրենակիցներին: Կարգախոս որպես այդպիսին չունեմ, սակայն  կարող եմ ասել, որ կա մի մեծ ուժ, որն օգնում է ինձ  կյանքում՝ դա հավատն է Աստծո հանդեպ: Իմ հայրենակիցներին կասեմ, որ գնահատեն  սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, որովհետև հենց այնտեղից է սկսվում մեր հայրենիքը: Կցանկանայի բոլորին  ասել, որ  միշտ խաղաղ ու հանգիստ լինեն, որովհետև սահմանին հայ Զինվորն է  կանգնած: Վերջերս գտնվում էի  Արամի ծառայած  զորամասում:  Արամին հիշում են ու չեն մոռացել նրա քաջագործության մասին: Ճանաչելով Արամին՝ իր ներաշխարհը, մարդկային յուրատիպ առանձնահատկությունները, ավելի քան արժևորեցի այն, ինչը մեզ պարգևում է կյանքը՝ ճանաչել ու բացահայտել: Ավելին իմանալը, թույլ չի տալիս շատ բան ասել, քանի որ միշտ էլ լռում ես այն կարևոր պահերին, երբ պետք է ավելին ասեիր: Լռության մեջ ամեն ինչ կարող ես ասել.... Շնորհակալություն Արամ Ենգիբարյան:     Անի Ենգիբարյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.