Առաջին փորձությունն «ընդդիմադիր» ուժն այսպես հաղթահարեց

Նոր ձևավորված խորհրդարանն երեկ առաջին նիստն է գումարել: Իր ներկայությամբ խորհրդարանը պատվել էր նաև «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ եթե իրենք իշխանության մեջ չեն, իշխանություն չեն, կոալիցիայի մեջ չեն, ի՞նչ է ստացվում, որ ընդդիմություն են: Նման հայտարարություններ են արել նաև դաշինքի մյուս պատգամավորները: Հովիկ Աբրահամյանի որդին ու Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանն էլ ասել է, որ խմբակցությունն ընդդիմադիր է, ինքն էլ է ընդդիմադիր: Վարդան Ղուկասյանն էլ նման հայտարարություն է արել, սակայն Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով արդյոք հանդես կգաք հարցն անպատասխան է թողել: Ապա Աժ նախագահի քվեարկության ժամանակ «Ծառուկյան» դաշինքը ցույց է տվել, թե ինչպիսի «ընդդիմություն» է: Բանն այն է, որ առաջադրված 2 թեկնածուներին միայն Էդմոն Մարուքյանն էր ընդդիմադիր, սակայն նրան իր հարազատ դաշինքի 9 ձայներից բացի 3 հոգի միայն կողմ քվեարկեց: Նրանցից մեկն Արարատ Զուրաբյանն է եղել, ով բացահայտ ցույց է տվել իր քվեաթերթիկը: «Ծառուկյան» դաշինքն ազատ է եղել քվեարկության մեջ: Առաջին փորձությունն «ընդդիմադիր» ուժն այսպես հաղթահարեց:
Մեկնաբանություններ