
Հայաստանի լրատվական դաշտը և ոչ միայն ցնցվել է Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ տեղի ունեցածից: Հայտնի էր դարձել, որ մայիսի 13-ին Չեխիայի իրավապահ մարմինները ձախողել էին իրենց երկրի տարածքում նախապատրաստվող «օրենքով գողերի» հերթական հավաքը: Եղել են ձերբակալություններ, այդ թվում` ձերբակալվել է հավաքի կազմակերպիչ ռուսատանաբնակ Ռուբեն Թաթուլյանը` «Ռոբսոն» մականունով: Վերջինս, ըստ այդ հրապարակումների, Չեխիա է մուտք գործել հայկական դիվանագիտական անձնագրով:
Իրադարձությունը հատկապես հետաքրքական է նրանով, որ Ռուբեն Թաթուլյանն, ով հայտնվել է իսկական սկանդալի կիզակետում, ներդրումների ակումբի անդամ է, այն նույն ակումբի, որը ստեղծված էր վարչապետ Կարապետյանի ու Սամվել Կարապետյանի հովանու ներքո, ու որի շնորհիվ իբր Հայաստան պետք է հոսեին միլիարդներ: Պարզվեց, սակայն, որ այդ ակումբում ներգրավված են նաև այնպիսիք, ովքեր մեղմ ասած կասկածելի պատմություների կիզակետում են հաճախ հայտվում: Ճիշտ է Թաթուլյանը հասցել է իր հետ տեղի ունեցածը հերքել, սակայն ակնհայտ է, որ ծուխն առանց կրակ չի կարող լինել:
Ինչևիցե, Թաթուլյանի հետ տեղի ունեցածը, սական, առավել հետաքրքրական է ոչ այնքան Թաթուլյանի անձի ով լինելու տեսանկյունից, որքան նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապված են Թաթուլյանի հետ: Նախ` հսկայական հարցեր են առաջ գալիս հենց միայն այն փաստի հետ կապված, որ Թաթուլյանը դիվանագիտական անձնագիր ունի` այն էլ ՀՀ արտգործնախարարության կողմից տրված: Հարց է առաջանում` այդ ո՞ր դիվանագիտական առաքելության համար էին նրան տվել այդ անձնագիրը, մի՞թե ներդրումային ակումբի անդամ լինելը բավարար պայման է` մեկին շնորհելու նման բարձր կարգավիճակ: Ճիշտ է` ԱԳ մամլո խոսնակ Բալայանը փորձել է ԱԳ այդ քայլին ինչ-որ արդարացում գտնել, սակայն ակնհայտ է, որ նրա կողմից բերված փաստարկները մեղմ ասած այնքան էլ համոզիչ չեն: Այնպես որ` կարծում ենք` Նալբանդյանը մտածելու տեղ ունի:
Հաջորդ հարցը, թերևս, կապված է վարչապետի հետ: Փաստորեն ի՞նչ է պարզվում: Պարզվում է, որ Հայաստանի տնտեսությունը ցեխից դուրս բերելու համար ստեղծված ներդրումային ակումբում ներգրավված են մարդիկ, ովքեր բացեիբաց օրենք են խախտում ու կապեր ունեն հանցավոր աշխարհի հետ: Ի՞նչ է, սա՞ է Հայաստանը ծաղկեցնելու Կարապետյանի ծրագիրը, նման մարդի՞կ պետք է երկիրը դուրս բերեն անդունդից… Հետո էլ ոմանք զարմանում են, թե այդ ինչպես է որ միլիարդների մասին խոստումն այդպես էլ իրականություն չի դառնում:
Բացի Կարապետյանի հետ սերտ կապեր ունենալը, պարզվել է, որ Թաթուլյանը կապեր ունի նաև իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Ծառուկյանի. հրապարակվել է նրանց ընդհանուր լուսանկարը, որն առաջ է բերում հարցեր, որոնց պատասխաններն իրականում այնքան էլ հեշտ չէ գտնելը:
Ինչևիցե, այս ամենից եզրահանգումն ընդամենը մեկն է իրականում. մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու նորմալ, կայացած երկիր դառնալու համար: Ու քանի դեռ ներիշխանական խժդժություններից վեր չենք կանգնել, նմանատիպ պատմությունները միայն կրկնվելու հատկություն են ձեռք բերելու. միջոցների մեջ, այնուամենայնիվ, պետք է խտրականություն դնել: