
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ընդդիմության խնդիրը զուտ հռետորաբանությունը չպիտի լինի. «Ընդդիմությունը շատ ավելի այլ մոտեցում պիտի ունենա, քան զուտ հռետորությամբ հանդես գալը: դա ընտրողներին այլևս հետաքրքիր չէ: Շատ դեպքերում, երբ մարդիկ նույնիսկ առանց ընտրակաշառքի ընտրում են Հանրապետականին, դա նշանակում է, որ նրանք ուզում են տեսնել մի ռեալ ուժ, որն իշխանություն ունի, քան գեղեցիկ խոսք, որն իշխանություն չունի»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Սաֆարյանի, այն քաղաքական ուժերը, որ ներկայացված չեն խորհրդարանում, և ոչ էլ ՏԻՄ-ներում, պիտի ամենօրյա աշխատանք տանեն և ռեալ արդյունքներ արձանագրեն, որպեսզի ամրագրեն իրենց դիրքերը: «Պետք է փորձել վերանայել խաղի կանոնները, եթե խաղի կանոնները չվերականգնվեն, իրենք էլ փոխարինվելու են նոր քաղաքական ուժերով: Եվ ստացվելու է, որ տարիների ընթացքում մենք ունենալու ենք տարբեր խմբեր, որ որպես ընդդիմություն են ներկայանում, ու նրանց մեկը մյուսով է փոխարինվում, իսկ ունենք իշխանություն, որը հավերժ է: Այո, ճիշտ եք, առաջիկա տարիներին ընտրություններ չկան, ու այն, ինչ չեն արել, պիտի հիմա անեն: Խաղի կանոնների փոփոխության խնդիր պիտի դնեն»:
Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ եթե ընդդիմությունը չփոխի խաղի կանոններն, ուրեմն միշտ էլ փոքրամասնություն է մնալու: