Զարուհի Փոստանջյանը երկընտրանքի առաջ է կանգնել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այդպես էլ չի կարողանում որոշել, թե պետք է վերցնի Երևանի ավագանու մանդատները, թե ոչ: Փաստորեն, ընտրությունների արդյունքներով այս նորաստեղծ կուսակցությունը 5 մանդատի հնարավորություն է ստանում: Հարց է առաջանում, թե իսկապես կուսակցությունը կարծում էր, որ կարող է մեծամասնություն կազմել ավագանիում: Այն, որ նորաստեղծ կուսակցությունը 7 տոկոսից ավելի ձայ է ստանում, այն էլ հիմնականում միայն կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի իմիջի ու համախոհների շնորհիվ, լավ է, բայց նրանք պիտի որ հասկանային, որ իրենց շանսերն այս ընտրությունների ժամանակ հաղթանակի չեն: Դրա համար դեռ շուտ է: Այս դեպքում պարզ է, որ կուսակցությունը նախապես պիտի որոշում կայացրած լիներ մանդատների վերաբերյալ: Երեկ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Ելքը» «ծախված է» զուտ նրա համար, որ վերցրեց կեղծիքներով կայացած ընտրությունների արդյունքում իրենց տրված մանդատները: Եվ եթե Զարուհի Փոստանջյանն ու իր կուսակցությունը վերցնում են մանդատները, ստացվում է, որ նա հակադարձում է ինքն իրեն կամ էլ ասում է, որ ինքն էլ է «վաճառվել»: Ինչն, իհարկե, նույնիսկ ծիծաղելի տարբերակ է, բայց ամեն դեպքում հակադարձ է ստացվում իր նախկին հայտարարություններին: Կուսակցությունից Norlur.am-ին հայտնում են, որ իրենք քննարկում են մանդատների հարցը: Նաև տեղեկացնում են, որ դիմելու են ԿԸՀ վիճարկելու ընտրությունների արդյունքները:
Մեկնաբանություններ