Տարոն Մարգարյանի կյանքն առանց այն էլ դժոխք է. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 14-ին` երեկ, կայացան Երևանի ավագանու ընտրությունները: Ինչպես և պարզ էր, ըստ օրենքի, մրցապայքարին մասնակից 3 քաղաքական ուժերն էլ մանդատներ ստացան և ներկայացված կլինեն Երևանի ավագանիում: Այպես Հայաստանի հանրապետական կուսակցությունը կունենա 46 մանդատ, «Ելք» դաշինքը` 14, «Երկիր Ծիրանին»` 5: Ընտրություններն ընտրություններ էին, ավելի ճիշտ կլինի ասել հայաստանյան 21-րդ դարի ընտրություններ էին` հարուստ ընտրախախտումներով, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով, ընտրակաշառքի և այլ խախտումների մասին ահազանգերով: Երեկ կիզակետում Զարուհի Փոստանջյանն էր իր դստեր հետ միասին: Սկանդալ եղավ, երբ նա փորձեց մտնել  ՀՀԿ-ի շտաբերից մեկը, իսկ ոստիկաններն էլ դրան դեմ էին: Արդյունքում վիճաբանություն սկսվեց, և ոստիկանները նրան փորձեցին բերման ենթարկել: Երեկոյան ՀՀԿ խոսնակը գնահատական տվեց ընտրություններին որպես ժողովրդավարական, արդար ու ազատ: Իսկ այսօր էլ «Ելքի» պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ ընտրակաշառք է բաժանվել, խախտումներ է եղել, դիտորդներն էլ ասում են, որ կառուսելի մեխանիզմն է գործի դրվել: «Երկիր Ծիրանիի» հայտարարությունը կլինի վաղը: Բայց նախապես Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, թե ինքը Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու: Եվ հարցին, թե իրենք ինչ են անելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե Տարոն Մարգարյանի կյանքն առանց այն էլ դժոխք է, քանի որ ընտրակաշառքներով ու քրեաօլիգարխիկ տարրերով է ընտրվել:  
Մեկնաբանություններ