
«Ես, անկեղծ ասած, 99 տոկոսի նման շատ զարմացած եմ այս կոալիցիայից, որովհետև մի քաղաքական ուժ, որ մեծամասնություն ունի խորհրդարանում, գերադասեր համագործակցել որևէ մեկի հետ, հատկապես մի քաղաքական ուժի հետ, որն ունի 7 պատգամավոր ընդամենը»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` խոսելով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրված կոալիցիոն հուշագրից:
«Ինձ համար շատ զարմանալի էր նաև պարոն Աշոտյանի կողմից բերված պատճառները, թե ինչի համար է այս կոալիցան կազմվում, որ կան օրենքներ, որոնց համար ՀՀԿ-ին ավելի շատ ձայն է պետք, քան ինքն ունի: Սա էլ, իմ կարծիքով, պատճառաբանություն չէ: Ամենաաբսուրդն այն է, որ համագորկցում են աջակողմյան հայացքներ ունեցող ՀՀԿ-ն ու սոցիալիստական ուղղություն ունեցող ՀՅԴ-ը: Այնտեղ գրված էր, որ ծրագրային դրույթներ են վերցված ՀՅԴ-ից, որ կյանքի պիտի կոչվեն, ինձ համար շատ հետաքրքիր են, թե որոնք են դրանք, քանի որ այսքան տարի ես չեմ տեսել, որ ՀՀԿ-ն որևէ կետ ՀՅԴ-ի ծրագրից կյանքի կոչի:
Ինձ համար նաև շատ զարմանալի է, թե ինչ է նշանակում պատասխանատվություն կրելը: Այսինքն, 56 պատգամավոր ունեցող ու 7 պատգամավոր ունեցող քաղաքական ուժերի միջև հավասարության նշան է դրվում»:
Ամենազավեշտալի կետն, ըստ Գագիկ Համբարյանի, այն է, որ ՀՅԴ-ն իրավունք չունի վարչապետի պաշտոնի նկատմամբ հավակնություն ունենալ: «Սա նույնիսկ անեկդոտ կարելի է համարել, սա տավտալոգիայի գագաթնակետն էր: ՀՅԴ-ը տարրական կցորդ է այս կոալիցիայի մեջ, ի՞նչ է ՀՅԴ-ն պիտի նման հավակնություններ ունենար: Այս քաղաքական ուժերի միջև նույնիսկ մոտ հավասարություն չկա: Թվային դիսբալանսն արդեն ցույց է տալիս, թե ՀՅԴ-ն ինչ ուժ ունի այս կոալիցիայում: Գեղեցիկ մտքերը, որ գրված են այդ հուշագրում, խելացի մարդկանց մոտ, հակառակը, շատ տխուր մտքեր են առաջացնում: Չի կարելի այդպիսի ծիծաղելի բաներ անել, հետո էլ դժգոհել, թե ժողովուրդը նորմալ չընդունեց»:
Քաղաքագետի համար զարմանալի է, որայս հուշագիրը կնքված է մինչև 2022 թվականը, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի 2018 թվականի ապրիլից հետո, երբ ավարատվի նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: «Իհարկե, Սերժ Սարգսյանը կփորձի իր լծակներով իշխանությունը պահել, բայց ոչ մի նոր իշխանություն չի ցանկանում, որ նախկին իշխանավորները մոխրագույն կարդինալի դեր փորձեն ստանձնեն: Այդ համաձայնագիրը մինչև այդ է լինելու, իսկ թե ինչ կլինի հետո, դա արդեն հարց է»,-եզրափակեց նա: