Սովորական «բազառ»`դիվանագիտության լեզվով

Օրերս Վաշինգտոնում գրեթե դարակազմիկ իրադարձություն էր տեղի ունեցել. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնելով ԱՄՆ, հանդիպում էր ունեցել նախ` ամերիկացի իր պաշտոնակցի հետ, ապա` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Հետարքրականն այն է այստեղ, որ Լավրովն իր հանդիպումների ձևաչափն ընտրել էր այնպես, որպեսզի այն նույնությամբ կրկնի միառժամանակ առաջ Թիլերսոնի մոսկովյան այցի ֆորմատն, ինչը, թերևս, պետք է համարել յուրատեսակ ազդանշան. չմոռանանք` սա դիվանագիտություն է, իսկ դիվանագիտության մեջ նույնիսկ միմյանց հետ բանակցողների նստելաձևն է ինչ-որ բան նշանակում: Թե կոնկրետ ինչ կարող է նշանակել այս ամենն այս դեպքում, թերևս, այնքան էլ դժվար չէ հասկանալ. Լավրովն, ըստ էության, ընտրելով Թիլերսոնին կրկնօրինակելու տարբերակը, փորձեց հասկացնել ԱՄՆ-ին, որ Ռուսաստանը նույնությամբ կպատասխանի Արևմուտքի ցանկացած քայլի. Լավին`լավով, ագրեսիային`ագրեսիայով: Ինչևիցե, ինչ վերաբերում է հանդիպման արդյունքերին, ապա դրանք, կարելի է ասել, գործնականում զրոյական են`չնայած միայն այն, որ երկու հակամարտող երկրների միջև տեղի է ունենում որոշակի շփում, տեղի է ունենում մտքերի փոխանակում, արդեն իսկ ստեղծում է որոշակի երաշխիք, որ կողմերը ձեռնպահ կմնան միմյանց դեմ անկանխատեսելի քայլերից: Բոլորն էլ իրականում շատ լավ հասկանում են, որ որքան էլ Թրամփը համարվի ոչ այնքան ագրեսիվ մեկը, եթե նույնիսկ ոմանք փորձեն իրենք իրենց խաբել ու համոզել, թե Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությւնները կդադարեն մրցակցային լինելուց ու կդառնան բացառապես գործընկերային, սխալված կլինեն, քանի որ Ամերիկայում վաղուց կայացած է «խորքային պետություն» կոչվածն ու բնավ էլ մեկ հոգի չէ, որ որոշում է`ինչ կուրս պետք է որդեգրի այդ հսկա երկիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում, ու եթե նույնիսկ Թրամփին ներքին քաղաքականության մեջ որոշակի ազատություններ էլ շնորհել են, ապա դա արել են ընդամենը մեկ պայմանով, որպեսզի նախագահը գոնե արտաքին քաղաքականության մեջ շեշտակի փոփոխություններ չմտցնի: Իսկ սա նշանակում է, որ որքան էլ Մոսկվան փորձի կամուրջներ կառուցել Վաշինգտոնի հետ, վերջինս հետ չի կանգնելու իր պլաններից: Որո՞նք են այդ պլանները. պլանները նույնն են, ինչ Օբամայի ժամանակ`հասնել համաշխարհային բացարձակ հեգեմոնյայի`մի բան, որն այդքան անհանգստացնում է Ռուսաստանին: Բանակցության թիվ մեկ թեման,վթերևս, Սիրիան է եղել, իսկ ավելի ճիշտ` դրա շուրջ Թիլերսոնի մոսկովյան այցով սկիզբ առած առուծախը: Ակնհայտ է, որ Ասադն այլևս ոչնչի համար պիտանի չէ, քան հանվելու վաճառքի, և այստեղ խնդիրն ընդամենն Ասադի գնի հարցն է. որքա՞ն է պահանջում Մոսկվան իր զիջման դիմաց, և որքա՞ն կարող է տալ ԱՄՆ-ն Ասադին հեռացնելու համար: Դատելով ոչինչ չասող հայտարարություններից, որ հետևել են բանակցությունների ավարտին, դեռևս վաղ է հստակ ասել, թե ինչ կորոշեն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն այս հարցում, բայց որ հարցը չի կարող երկար ձգձգվել, անկասկած է. ժամանակը ոչ ոքի չի խնայում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.