Կարեն Կարապետյանի սրտից կլինի

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում դրական է խոսել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի` Ազգային ժողովի նախագահ նշանակվելու մասին: «Ինչո՞ւ ոչ»,-ասել է վարչապետը: Հիշեցնենք, որ դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու նորընտիր խորհրդարանի ղեկավարը: Իսկ Հանրապետական կուսակցությունից ասում են, թե այդ հարցն իրենք չեն քննարկել, այլ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններից հետո կքննարկեն ու կորոշեն, կհայտնեն լրատվամիջոցներին, ինչն, իհարկե, արժանահավատ չի թվում: Հազիվ թե 4 օրում նախագահ Սերժ Սարգսյանը կամ այլ ՀՀԿ-ականները նոր-նոր սկսեն որոշել, քննարկել այս կարևորագույն հարցն այն դեպքում, երբ նոր խորհրդարանը, հայտնի է, թե ինչ լիազորություններով է օժտված լինելու, իսկ ԱԺ նախագահն էլ պիտի ՀՀ նախագահի վստահելի մարդկանցից լինի: Հիշեցնենք, որ այս պաշտոնում, սակայն մի քանի անուններ են շրջանառվում: Վարչապետի համար, բնական է, որ նախընտրելի է այստեղ ունենալ իր հավատարիմ մարդկանցից մեկին, պատգամավոր Կարեն Կարապետյանը  բավական լավ հարաբերությունների մեջ է վարչապետի հետ: Հայտնի է նաև, որ վարչապետը թիմ հավաքելու խնդիր ունի, իսկ ՀՀԿ-ում նրա աջակիցներն այդքան էլ շատ չեն: Իշխող կուսակցությունում եղած խմբավորումների առկայությունը գաղտնի չէ, միգուցե դա նորմալ է նաև մեծաքանակ կուսակցության համար: Հիմա եթե Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ, արդեն վարչապետի թիմակիցներն էլ ավելի կշատանան, այսինքն միանգամից երկու հարց կլուծվի: ԱԺ նախագահը կլինի և ՌԴ-ի սրտից, այսպես ասած, և վարչապետի: Սակայն թե ինչ կորոշվի, դա միայն առաջիկայում պարզ կլինի...  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.