
Քաղաքագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ «Ելքի» առաջարկած սոցիալական աջակցությունն ընտրակաշառք չվերցնող քաղաքացուն կարող է ավելացնել նրանց շանսերը հաղթել Երևանի ավագանու ընտրություններում: «Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ պարզվեց մի բան, որ ընտրակաշառքը 70-80 տոկոսով հասավ Երևանում, իսկ մարզերում էլ 100 տոկոս էր նույնիսկ: Այսինքն` ապրիլի 2-ին ընտրությունների ինստիտուտը մահացավ որպես այդպիսին, իսկ երբ ընտրական գործընթացը մահանում է, քո քարոզարշավն էլ դադարում է էական որևէ դեր խաղալ անկախ նրանից, թե դու ինչ խոսք կտաս»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Նրանցից մեկը խոսք է տալիս գնալ Արևմտյան Հայաստան, մյուսն էլ առաջարկում է տեղեկանք բերել ԺԷԿ-ից, որ ինքն այդ տեղեկանքը չի վերցրել, հետաքրքիր է, թե ումից պիտի բերի այդ տեղեկանքը` ՀՀԿ-ի նախընտրական շտաբից, թե ոստիկանությունից: Թեկնածուները տարբեր տեսակի էքսցենտրիկ, աչքի ընկնող գործոններ են փորձում փնտրել, որով նպատակ ունեն իրենց անունը լրատվական դաշտում ևս մեկ անգամ ներկայացնելու, իսկ քարոզարշավն էլ ընտրական ինստիտուտի մի բաղադրիչն է կազմում, ինչը նշանակում է, որ եթե ընտրական ինստիտուտը ոչնչացված է, քարոզարշավն էլ ազդեցություն ունենալ չի կարող»,-հավելեց Արմեն Բադալյանը:
Դիտարկմանը, թե սա սա աննախադեպ քայլ է, նա արձագանքեց. «Ընտրությունների ժամանակ ցանկացած քայլ կարող են ներկայացնել, այն ներկայացնել որպես աննախադեպ, սակայն դա կապ չունի: Դա քարոզարշավի դետալ է, իսկ քարոզարաշավն ինքնին մեծ դերակատարություն չունի»:
Արմեն Բադալյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն այս անգամ տիրապետում է նաև ԲՀԿ-ի ընտրազանգվածին, այս 2-ին էլ ընտրակաշառք կբաժանվի անկախ նրանից, թե «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ինչ մտքեր կարտահայտեն, որևէ նշանակություն չի ունենա, իսկ իդեալական քարոզարշավը կավելացնի ուղղակի 1-2 մանդատ:
Ըստ մեր զրուցակցի, մոտ 45-50 ավագանու անդամ Հանրապետականը կունենա, մոտ 10` «Ելքը», մոտ 5` « Երկիր Ծիրանին»: «Այս հարաբերակցությունը կլինի անկախ նրանից, թե ինչ կմոգոնեն»,-եզրափակեց նա: