ՕՐՕ դաշինքում արձակուրդ են վերցրել մայիսին

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին պարտություն կրած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքից ոչինչ չի մնացել: Ինչպես հայտնի է, Պաշտպանության նախկին նախարար ու դաշինքի առաջատար Սեյրան Օհանյանը պարտությունից հետո հեռացել է երկրից, որոշ ժամանակով նա գտնվում է Ռուսաստանի դաշնությունում: Վարդան Օսկանյանը, սակայն, Norlur.am-ի տեղեկություններով, գտնվում է Հայաստանում: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե նման կարելի է ընդհանրապես այդ դաշինքի առաջնորդներից համարել՝ հաշվի առնելով, որ ցուցակում էլ նա 11-րդն էր, ԱՄՆ-ում է: Դաշինքի անդամներից Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի, Արմեն Մարտիրոսյանի և մյուսների հետ ևս կապ հաստատել ոչ մի կերպ չի հաջողվում: Նրանք, բնական է, խուսափում են լրագրողների հարցերից. մի շարք հարցեր կան կուտակված. չէ՞ որ ընտրություններից 2 օր անց Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը ասուլիս հրավիրեցին ու փոխանակ իրենց սխալներից խոսեին, ասացին, որ պայքարը շարունակվում է, դաշինքը չի ցրվում, սակայն սա էլ դեռ ոչինչ, «Ելքին» կապեցին Միքայել Մինասյանի հետ: Ամեն դեպքում նրանց հայտարարությունը, թե պայքարը շարունակվելու է, այդպես էլ մնաց որպես հայտարարություն, ինչպես և իշխանությունների գրեթե բոլոր հայտարարություններն են բարեփոխումների վերաբերյալ: Մեկը մեկին չեն զիջում: Մեր տեղեկություններով՝ ՕՐՕ դաշինքում մայիսին որոշել են արձակուրդ վերցնել: Դաշինքի անդամների միջև էլ շփում որպես այդպիսին չկա: Հիմա դաշինքում հանգստանալու ժամանակն է, իսկ մայիսից հետո, մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն կորոշեն, թե արդյոք հարկ է պայքարը շարունակել և եթե այո, ապա ինչ ձևով:
Մեկնաբանություններ