
«Մենք չէ, որ խաղաղության չենք գնում, դա թշնամին է անում, մենք Տիգրան Մեծից հետո միշտ էլ պիտի պատրաստ լինեինք, քանի որ միշտ էլ թշնամիներով ենք շրջապատված եղել»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, ՊՆ խորհրդի անդամ Վիտյա Հակոբյանն` անդրադառնալով տեսակետին, թե ՊՆ-ի կողմից առաջ քաշված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով մենք խաղաղությունից հրաժարվում ենք երկար ժամանակով:
«Այսօր անձերով չէ, մեր նախագահը, կարող է պատահի, շատ գրագետ է, այս հարցերի տակից կարող է դուրս գալ, բայց հո նա չի դառնա 20 տարեկան, կամ ինչ իմանաս` մեր նախագահը կամ Ադրբեջանի նախագահն ով կլինի 10 տարուց հետո, և ինչ պիտի լինի: Այդ իսկ պատճառով էլ մենք միշտ էլ պիտի պատրաստ լինենք, մենք պետք է պատրաստենք մեր ժողովրդին: Բնությունը, Աստվածը մեզ դրել է այստեղ, մենք պիտի պատրաստ լինենք, քանի որ շրջապատված ենք թշնամիներով, թշնամին էլ այսօր բորենի է, հենց մեր թուլությունը զգաց, տակից հարձակվելու է, կծելու է մեզ»,-նկատեց նա:
Վիտյա Հակոբյանի համոզմամբ` մեր երեխաներին պիտի առաջին դասարանից դաստիարակենք հայրենասիրական ոգով, ինքն ասում է, որ իր մեքենայի ապակուն գրված է հայդուկ, սակայն շատ երեխաներ հարցնում են, թե ինչ է դա, չգիտեն: «Եթե դպրոցն ավարտեց, գնաց, ընկավ փողի ու բիզնեսի հետևից, արտագաղթեց, մենք էլ չենք կարող նրան հետ բերել, դաստիարակել, դպրոցի առաջին դասարանից պիտի դաստիարակվի, դրա համար պետք է, որ դպրոցի տնօրենը լինի ազատ, մրցակցային պայմաններում ընտրված տնօրեն, այլ ոչ թե կաշառքով նշանակված, որ սրտացավ լինի, ոչ թե անձնական շահերով առաջնորդվի:
Մի օր չի եղել, որ մի դպրոց մեր վետերաններից, մեր ջոկատից մեկին հրավիրի, ձևական բաների մասին չեմ խոսում իհարկե»,-եզրափակեց նա: