Ազգային ժողովի վերաբերյալ ես մի շարք տագնապներ ունեմ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան Norlur.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ելքը» խորհրդարանում պիտի քաղաքական ծրագիր ներկայացնի, թե ինչպես են շատ հարցեր բարձրացնելու ու ինչպես են դրանք լուծելու: «Եթե այդպես չլինի, նրանք քաղաքական ընդդիմություն չեն դառնա, ու կունենանք բացարձակ մենատիրական կուսակցապետություն: Դրա փորձը, ցավոք սրտի, մենք ոչ վաղ անցյալից ունենք, և ես անձամբ տեսնում եմ դրա հետևանքներից բխող զարգացումները, վախենում եմ հնարավոր սրընթաց զարգացումներից, նկատի ունեմ մենատեր կուսակցապետությունը վերաճի բռնապետության: Այսինքն, մենք մեր գործողություններով արդեն մոտենում ենք մենատիրական, բռնապետական կուսակցաշինությանը»,-նկատեց նա: Ազգագրագետն ասաց, որ այսօր ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մի շարք երևույթների նկատմամբ հովանավորչական վերաբերմունքը, բացահայտված դեպքերի բացահայտողների նկատմամբ սպառնալի գործողություններն ակնհայտ են, թե որտեղից են սնունցվում, բնակչությունից եկող դժգոհություններն ու ամենակարևորը դատական համակարգի ամենաթողությունը, բացարձակ ենթարկվածությունը կուսակցության կամքին, եթե սրանք շարունակվեն, բռնապետություն կարելի է անվանել: «Բռնապետությունը միայն նա չէ, որ մարդկանց տներից տանում են, ու չենք իմանում, թե ով տարավ, ուր տար: Բռնապետություն է նա, որ ես օրենքի շրջանակներում չեմ կարողանում քայլ անել` վախենալով, որ իշխանությունը հակաօրինական ձևով իմ իրավունքի համար կարող է պատժել ինձ: Դրա դրսևորումները շատ ունենք: Ես շատ տագնապներ ունեմ, որ Ազգային ժողովը գնում է բացարձակ միակուսակցականության ու բռնապետության»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ