Պլան է անհրաժեշտ, որը չկա

Հայաստանում ներդրումների պակասի մասին շատ է խոսվել, շատ է քննարկվել այն հարցը, թե ինչ է պետք անել, որպեսզի նեդրումներ հոսեն երկիր, այլ ոչ թե արտահոսեն արտաքին աշխարհ: Երբ ամիսներ առաջ նոր կառավարություն էր ձևավորվում, խոսք էր գնում հիմնականում այն մասին, որ այն մշակելու է հատուկ ծրագիր ու պլան, որն օգնելու է Հայաստանը ներդրումների իմաստով գրավիչ երկիր դարձնել: Անցան, սակայն, ամիսներ, ու պարզ դարձավ, որ ներդրումների մասին բոլոր խոսակցությունները սին են ու դատարկ: Նույնիսկ ներդրողների ակումբ են ստեղծել իբրև, որը խոստանում է կոնրկրետ ներդրուներ բերել երկիր, ինչը, սակայն, արդեն իսկ կարող ենք ասել, իրականություն չի դառնալու: Իսկ թե ինչու, այնքան էլ դժվար չէ կռահել. Հայաստանում բավարար պայմաններ չկան, Հայաստանում չկան այն օբյեկտիվ նախապայմանները, որոնք կօգնեին այստեղ ներդրումներ բերել: Ո՞րոնք են այդ  նախապայմանները. առաջինն ազատ մրցակցությունն է, որը բացակայում է մեր երկրում: Երկրորդը բնակչության թվաքանակն ու գնողունակության մակարդակն է, որնոց առումներով Հայաստանը ոչինչ չունի աաջարկելու արտասահմանցիներին, հաջորդը խաղաղ պայմաններն ու պետության կողմից տրվող հստակ երաշխիքներն են գործարարներին, որոնք ևս բացակայում են այսօր: Ասյպիսով` հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է արտասահմանցին գա ու Հայաստանում ներդրում անի մի պարագայում, երբ Հայաստանում արտադրություն հիմնելն ուղղակի անիմաստ է, քանի որ ներկրելը շատ ավելի ձեռնտու է, քան տեղում արտադրելը: Միակ պատճառը, թերևս, քաղաքական կարող է լինել, իսկ ավելի ճիշտ`աշխարհաքաղաքական: Բանն այն է, որ կապիտալիստական հասարակարգում փողը ոչ միայն նյութական բարիք է իրենից ներկայացնում, այլև կառավարման հրաշալի գործիք է, ինչը նշանակում է, որ Հայաստանում`տնտեսապես ոչ գրավիչ երկրում գրեթե ցանկացած ներդրում ունի և ունենալու է քաղաքական ենթատեքստ. որքան շատ է տվյալ երկրի քաղաքացիների կողմից կատարված ներդրումներն, այնքան  մեծ է այդ երկրի ազդեցությունը մեր պետության վրա: Իսկ սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական բարդ կացության մեջ հայտնված Հայաստանում, երբ մի կողմից պատերազմն է, մյուս կողմից Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը, Հայաստանը զուտ օբյեկտիվորեն չի կարող դիտարկվել` նեդրումների համար բարենպաստ պետություն: Ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի գոնե ինչ-որ կերպ իրավիճակը շտկի: Ամենաառաջին բանը, որ պետք է անի,  հստակ ծրագրի մշակումն է. մենք պետք է իմանանք, թե ուր ենք գնում ու ինչ է մեզ անհրաժեշտ, մինչդռ ակնհայտ է, որ մեզ համար էլ դեռևս պարզ չէ այդ ամենը: Երկրորդ կարևոր ու պարտադիր նախապայմանը, հավասար ու թափանցիկ դաշտի ստեղծումն է, երաշխիքների տրամադրումն ու ոլորի համար խաղի միևնույն կանոնների հաստատումը: Դե իսկ ամենակարևորն էլ ներքին ներդրողին խրախուսելու ուղիներ փնտրելն է. Հայաստանում կապիտալի արտահոսք չի կարելի թույլ տալ, ու մեզ համար ամոթ է, երբ հայաստանցին, սեփական երկրում ներդրում անելու փոխարեն, ստիպված է լինում ասենք Վրաստանում ներդրում կատարել, կամ գյուղացին, վաճառելով իր ջերմոցային տնտեսությունը, գնում  ու ՌԴ-ում է բիզնես հիմնում: Իհարկե, դժվար է ասել, թե այս բոլոր խնդիրների լուծմանը երբ հնարավոր կլինի հասնել, բայց որ մեր երկիրը քիչ ժամանակ ունի, ակնհայտ է. հանդիսանալով ԵՏՄ անդամ` մենք պարտավոր ենք այդ կառույցի`մեզ ընձեռած հնարավորություններն օգտագործել:
Մեկնաբանություններ