Սերժ Սարգսյանը կզիջի՞ Արտաշատը

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, արդեն հայտնի է, որ հրաժարական է տալու իր պաշտոնից և վերցնելու է պատգամավորության մանդատը: Իհարկե, դեռ պարզ չէ, թե որ օրը կլինեն ընտրությունները, սակայն Արգամ Աբրահամյանը և նրա հայրը` Հովիկ Աբրահամյանն արդեն հստակ հայտարարել են, որ հրաժարական է լինելու: Արգամ Աբրահամյանն Արարատի մարզում հավաքել է 33 հազարից ավելի ձայն, ինչը բավական շատ է։ Հիմա հարց է առաջանում, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը և նրա խնամին` ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կցանկանան զիջել Արտաշատը: Ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանը կցանկանա իր իշխանությունը պահպանել այստեղ, սա կլինի նրա վերջին հանգրավանն, այսպես ասած: Նախապես շրջանառվեց լուր, թե Հովհաննես Ղազարյանի որդին է առաջադրվելու այս պաշտոնում, Գազի Հովոյի որդին, ով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ սանիկ-քավոր հարաբերությունների մեջ է, սակայն հետո հերքվեց այս լուրը: Հիմա ԲՀԿ-ի հավանական թեկնածու Գագիկ Պողոսյանն է՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը, ով Հովիկ Աբրահամյանը ազգականն է, իսկ Կարինե Պողոսյանն էլ, հիշեցնենք, դուրս եկավ ՀՀԿ-ից, երբ Արգամիչն էլ դուրս եկավ: Norlur.am-ին ԲՀԿ-ից ասացին, թե դեռ ոչ մի մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չեն տալիս: Իսկ Արարատի մարզի ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ը դեռ որոշում չունի, թե ում են առաջադրելու քաղաքապետի պաշտոնում: Չի բացառվում, որ այս անգամ Սերժ Սարգսյանը զիջման գնա ու նման կերպ Ծառուկյանին տա քաղաքը` նաև խորհրդարանում հետագա թաքնված համագործակցության համար:
Մեկնաբանություններ