Ցանկացած գործարար իր ուզած ապրանքը կարող է առանց մաքսազերծելու մտցնել Հայաստան

Հայկական շուկայում խայտառակություն է տիրում: Արդեն որերորդ օրն է, որ և սոցիալական ցանցերում, և լրատվամիջոցներում շրջանառվող գլխավոր թեման վերաբերում է Ադրբեջանից Հայաստան եկած ու վաճառքի հանված մթերքին, մասնավորապես խնձորին: Պարզ է դարձել, որ ինչ-որ կերպ, թե ինչպես դա դեռ հարց է, սակայն փաստը կա, որ ադրբեջանական ապրանքը հայտնվել է հայկական սպառողին հասու վայրում: Քիչ ավելի վաղ էլ թուրքական լոլիկի մասին լուրեր սկսեցին պտտվել: Սպառողների շահերով զբաղվող կազմակերպություններն ուղղակի անհանգստացած չեն, այլ ամեն կերպ փորձում են ՊԵԿ-ին, ՍԱՊԾ-ին և ԱԱԾ-ին հրավիրել համակ ուշադրություն դարձնել այս երևույթների վրա: Սակայն եթե ՊԵԿ-ն ինչ-որ կերպ արձագանքել է, ապա Սննդի անվտանգության պետական ծառայությունը, թվում է, ջայլամի նման գլուխը ավազի մեջ է թաքցրել: Ոչ մի պետական մարմին, ըստ էության, չի կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչու, ինչպես և ինչ է կատարվում այս ոլորտում: Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ խնդիրն այն է, որ որ երկրից էլ ստացվել է այդ ապրանքը, այն չի ստուգվել, այսինքն, պարզ չէ, թե արդյոք անվտանգ է այդ խնձորը սպառողի համար: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյան այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է. «Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենք ճանապարհով, եթե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում առկա չի: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում նշված խմբաքանակի ներկրման որևէ դեպք իր բազայում չունի»: Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ-ը հայտարարել էր՝ խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, և կոմիտեն նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: Ստացվում է մի բան` սահմանին վեևահսկողություն չկա. ցանկացած գործարար իր ուզած ապրանքը կարող է առանց մաքսազերծելու մտցնել Հայաստան:
Մեկնաբանություններ