«Իշխանությունը ցանկանում է շեղել ու պարտադրել հասարակությանը»

«Այս ընտրությունների հետո ընդհանրապես խոսել նրա մասին, որ որևէ քաղաքական կյանք կա, անիմաստ բան է, և չեմ կարծում, որ վարչակարգին ընդհանրապես նման բաներ հետաքրքրում են: Հակառակը ճնշվածության մթնոլորտ է»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե «Ազգ-բանակ կոնցեպտն» ինչ անդրադարձ կարող է ունենալ ներքաղաքական իրադարձությունների վրա: Ըստ նրա, ոչ մի ռազմական թև էլ չկա իշխանության ներսում, որպեսզի մտածես, թե «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որ առաջ էին քաշվել Պաշտպանության նախարարության կողմից, կարող են ուժեղացնել Վիգեն Սարգսյանի թևն իշխանության մեջ: «Ապրիլյան պատերազմից հետո երևաց, որ բանակի ու ներքին քաղաքականության գործոն Հայաստանում ընդհանրապես չկան»: Մանվել Սարգսյանին հարցրինք, թե չի կարծում արդյոք, որ այս ծրագրերը ցույց են տալիս, որ իշխանությունը դասեր է քաղել ապրիլյան քառօրյա պատերազմից և փորձում է բերալավել բանակի վիճակը, ինչին նա պատասխանեց. «Չեմ կարծում, ոչ, սա նշանակում է անվտանգության թեման պարտադրել հանրությանն ու նրա ուշադրությունը շեղել, եթե ռեալ ցանկություն լիներ դասեր քաղել, այլ բաներ պիտի լինեին, օրինակ, հանրությանը շատ էր հետաքրքրում, որ տարիներ շարունակ զինակոչիկները զոհվում էին սահմանին, պայմանագրային զինածառայողները պիտի ծառայեն սահմանի վրա, նորակոչիկներն այլևս չծառայեն սահմանին: Եվ դա հնարավոր է, որևէ խնդիր չկա, բայց նման բաներ չեն արվում: Ես չեմ հասկանում, թե որն է այդ կոնցեպտը, կցկտուր հայտարարություններ են, որոնք կապ չունեն ժողովրդի հետ: Ամեն կերպ պատասխանատվությունը գործող իշխանությունից գցում են  հանրության վրա»,-եզրափակեց քաղաքական փորձագետը:   Լուսանկարը`panorama.am
Մեկնաբանություններ