Դաշնակներն ավելի շատ պորտֆելներ են ուզում. Կարեն Կարապետյանը մերժում է

Հայաստանի հանրապետական կուսակցության ու ՀՅԴ-ի միջև բանակցությունները կոալիցիայի վերաբերյալ ոչ մի կերպ չեն ավարտվում: Դրանք ընթացքի մեջ են, դա պարզ է բոլորին: ՀՀԿ-ից էլ էն հայտարարել, ՀՅԴ-ից էլ: Սակայն ըստ Norlur.am-ին հասած լուրերի` այս անգամ դաշնակները չեն ցանկանում միայն 3 նախարարական պորտֆելով և 2 մարզպետի աթոռով բավարարվել: Ավելի շատ են ցանկանում ստանալ. չէ՞ ոչ ընտրությունների ժամանակ էլ ինչքանով կարողացել են օգնել են գործընկեր Հանրապետականին, դրանից առաջ էլ խորհրդարանում աջակցել են բոլոր նախաձեռնություններին: Սահմանադրական բարեփոխումներն էլ, հիշում ենք, իշխանություն առաջ ընկած ՀՅԴ-ը էր քարոզում, ինչից, իհարկե, չեն հրաժարավում և հիմա էլ հայտարարում են, որ դա իրենց կողմից առաջարկված ու ընդունված բարեփոխումներից մեկն է եղել: Կոալիցիայի վերաբերյալ ՀՅԴ-ական, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն օրերս ասել է, թե բանակցությունները վերջնական փուլում են գտնվում: «Բանակցությունները վերջնական փուլում են, ամենայն հավանականությամբ երկու կողմ են առաջիկայում հանդես կգան»,-ասել է նա: Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ այսքան երկար բանակցություններ են տարվում, երբ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը անժամկետ էր, Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Եթե նկատի ունեք նախորդ տարվա փետրվարին ստորագրված համաձայնագիրը, ապա, այո, այն անժամկետ էր և այն բարեփոխումները, որոնք ամրագրված են այդ համաձայնագրով, այսօր ընդամենը որոշակի ճշգրտման խնդիր կա, որովհետև ընտրություններից հետո նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա»: Իսկ այն հարցին՝ ձևակերպումների մեջ կլինի՞ դրույթ նախարարական պորտֆելների մասին, Ա. Մինասյանը պատասխանել է. «Նախորդում էլ չի եղել, կարծում եմ, որ ներկայումս էլ չի լինի նախարարության կամ քվոտայի մասին դրույթ»: Ա. Մինասյանը նշել է, որ, հավանաբար, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին կհայտարարվի մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը: Լուրեր կան նաև, որ խնդիրը հենց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ է: Նախ նա չի ցանկացել ՀՅԴ-ին այդքան շատ պորտֆել տա, հետո էլ մտածում է, թե արդյոք պետք է հենց այն նույն 3 նախարարներին թողնել, ովքեր այս պահին պաշտոնավարում են:
Մեկնաբանություններ