
Այն, որ բնակչությանը հուզող խնդիրներից տարիներ շարունակ հանդիսացել են կոմունալ ծառայությունների չարդարացված բարձր գները, նորություն չէ: Այժմ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ անգամ ասենք նույն հոսանքի մեկ կամ երկու դրամով թանկացումն էական ազդեցություն է ունենում մարդանց սպառողական զամբյուղի վրա, ինչը պայմանավորված է երկրում աղքատ բնակչության թվաքանակի տարեցտարի աճով:
Պարզվում է, սակայն, Հայաստանում, միգուցե ի ուրախություն շատերի, առաջիկա տարիներին էլետրաէներգիայի գները կարող են նվազել: Բանն այն է, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ծրագրում է առաջիկայում Կառավարության հաստատմանը ներկայացնել մի ծրագիր, որի արդյունքում ՀՀ էներգետիկ շուկան ազատականացվելու է: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ներքին շուկայում էլեկտրաէներգիա կկարողանան վաճառել բոլոր ցանկացողները` և՛ ներքին, և՛ արտաքին էլեկտրաէներգիա արտադրողները, ինչի արդյունքում գինը կորոշվի շուկայի տրամաբանությամբ:
Բայց արի ու տես, որ այս իրողությունը կարող է և այնքան էլ դրական ազդեցություն չունենալ հայաստանյան էլեկտրաէներգիա արտադրող կայանների վրա, ու սրանք ստիպված լինեն նվազեցնել իրենց արտադրանքի ինքնարժեքը: Ասել կուզի` կարող է գալ մի պահ, երբ օտար կապիտալով աշխատող ընկերություններն առաջ կընկնեն տեղական ընկերություններից` շուկայում նրանց մասնաբաժինը կրճատելով: Իսկ այն, որ այդ դեպքում ժամանակի ընթցքում կարևորագույն այս ոլորտում կարող են արդեն օտարերկրացիները եղանակ ստեղծել, այլևս ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել:
Այնպես որ` էներգետիկ շուկան ազատականացնելու գաղափարը չնայած ինքնին վատը չէ, սակայն պետությունը պետք է նախապես ստեղծի համապատասխան գործիքակազմեր` անկանխատեսելի ու նույնիսկ տհաճ հետևանքների չհանդիպելու համար: