Տարոն Մարգարյանը մրցակցությունից դուրս

 Ինչպես հայտնի է, մայիսին կայանալու են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Այս` Երևանի բնակիչների համար հիրավի կարևորագույն իրադարձությունը, որ, ըստ էության, անմիջապես հաջորդում է խորհրդարանական ընտրություններին, խոստանում է լրջագույն փոփոխություններ բերել Երևանի բնակիչների կյանքում, քանի որ հենց այս ընտրությունների արդյունքից է կախված լինելու այն հարցի պատասխանը, թե առաջիկա տարիներին ինչ հունով է զարգանալու մայրաքաղաքը: Պետք է ասել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք, ով ի դեպ, գլխավորելու է ՀՀԿ Երևան քաղաքի ավագանու ցուցակն ու կուսակցության հաղթանակի դեպքում հռչակվելու քաղաքապետ, չափազանց մեծ բան է արվել քաղաքը բարեկարգելու, այն գեղեցկացնելու ու, առհասարակ, ապրելու համար հարմարավետ դարձնելու առումներով, ինչը նշանակում է, որ նշաձողը, որն իր ամենօրյա աշխատանքի արդյունում սահմանել է ներկայիս քաղաքապետը, չափազանց պարտավորեցնող է լինելու ցանկացած մեկի համար, ով ընտրությունների արդյունքում կհռչակվի քաղաքապետ: Ինչպես բոլոր ընտրություններն, Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ևս խոստանում են բավականին թեժ լինել. քաղաքապետ դառնալու լուրջ մտադրություններ ունեն այնպիսի հանրահայտ գործիչներ, ինչպիսիք Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն են: Ավագանու ընտրություններին, որ անցկացվելու են ՀՀԿ-ի, «Ելք»-ի ու «Երկիր Ծիրանի»-ի դրոշների ներքո, շարքային ընտրողն, ըստ էության, պետք է պատասխանի մեկ հարցի` ո՞ւմ է ցանկանում տեսնել իր քաղաքի քաղաքագլուխ, ո՞ւմ է ամենից շատ վստահում և, որ ամնակարևորն է, քաղաքապետի հատկապես որ թեկնածուն է իրեն առավել հավատ ներշնչում: Այս իմաստով նկատենք, որ առավել փորձառու ու վստահելի գործիչ, ինչպիսին Տարոն Մարգարյանն է, ասպարեզում ուղղակի չկա: Ճիշտ է` նրա մրցակիցները նույնպես որոշակի արժանիքներ ունեն, պայքարող են իրենց տեսակով և այլն, բայց այն կարևորագուն հմտությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքապետ լինելու ու քաղաքը հմտորեն ղեկավարելու համար, անկասկած, հատուկ են միայն գործող քաղաքապետին. Մարգարյանն ունի երկար տարիների փորձ, քաջածանոթ է քաղաքի պրոբլեմներին ներսից, փորձված է գործում ու, ամենակարևորն, ունի քաղաքի զարգացման հստակ ծրագիր: Այս առումով, արդարև, Մարգարյանն ուղղակի դուրս է մրցակցությունից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն առավելապես ընկալելի են որպես քաղաքական գործիչներ, պարլամենտի մարդիկ, բայց ոչ երբեք վարչական պաշտոն զբաղեցնող անձնավորություններ. հայտնի է, որ մի բան է քաղաքական գործիչ լինելը, և բոլորովին այլ բան վարչական պաշտոն զբաղեցնելը. դրանք տարբեր ու հաճախ միմյանց հակասող բևեռներ են: Երևանի քաղաքապետի պաշտոնում առավելապես պետք է մեկն, ով համակարգի անքակտելի մասնիկ է, ով իրերի ու հանգամանքների բերումով շատ ավելի մոտ է կանգնած վարչակառավարական համակարգին, շատ ավելի լավ է գլուխ հանում համապատասխան աշխատանքից, քան մեկն, ում գործունեությունը բացառապես քաղաքական է. մի բան է օրենք մշակելն ու բոլորովին այլ բան մի ողջ մայրաքաղաք կառավարելը: Կասկած լինել չի կարող, որ իմաստուն հայ ընտրողն իրականոմ վաղուց է իր հոգու խորքում կատարել սեփական ընտրությունը, վաղուց է ընտրել այն թեկնածուին, ում ամենից շատն է վստահում ու հավատում. բոլորն էլ հստակորեն գիտակցում են, որ ներկա պահին Տարոն Մարգարյանից ավելի լավ թեկնածու Երևանի քաղաքապետի պաշտոնի համար ուղղակի գոյություն չունի: Վստահաբար` հենց Մարգարյանն է լինելու հաջորդ քաղաքապետը:
Մեկնաբանություններ