
«Ընդհանրապես հնարավոր է ամեն ինչ` հաշվի առնելով, որ մենք նախագահի ասած` «գնդակն իրենց դաշտն ենք գցել», իրենք ինչպես ուզում են, թող խաղան, այսինքն` նախաձեռնողականությունը տվել ենք իրենց, ցանկացած պահի կարող է լինել»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը` պատասխանելով հարցին, թե վերջին օրերի ակտիվությունը սահմանի վրա հնարավոր է, որ նոր լայնածավալ գործողությունների սկիզբ հանդիսանան:
«Իրենք հաշվի են առնելու ոչ թե մեր ֆակտորը, այլ բնակլիմայական ֆակտորը, իրենց զենքի տեսակը` Իսրայելից, Պակիստանից կգա, թե չի գա, այ դրանք են հաշվի առել, իրենք նույնիսկ մեզ հաշվի չեն առել ինչ-որ բան պլանավորելիս, որովհետև մենք այնդքան սխալ բան ենք արել, որ նախաձեռնողականությունը տվել ենք իրենց ձեռքը»,-հավելեց Վարդանովը:
Ըստ նրա, հայկական կողմի պիտի հարձակվողական գործողությունների անցնի: «Չեմ ասում, որ հենց վաղը պիտի հարձակվենք, բայց պիտի մինիմում նման պատրաստություններ տեսնենք»:
Դիտարկմանը, թե կարող ենք արդյոք ասել, որ ի տարբերություն նախորդ ապրիլի` այս անգամ մենք պատրաստ ենք հարվածների, նա արձագանքեց. «Մենք այնքան էլ պատրաստ չէինք այդ ձևի հարվածին, թշնամին պիտի հիմար լինի, որ այդ նույն ձևի հարվածի, մենք գիտե՞նք` ինքն ինչ ձևով է հարվածելու, չգիտենք չէ՞, հիմա հնարավոր է, որ դիվերսիոն խմբերով չլինի, լեռնային հրաձիգներով չլինի, կարող է այս անգամ տանկով հարվածի միանգամից, Աստված գիտի, մենք չգիտենք: Մենք պատրաստ ենք նախորդ ապրիլյան դեպքերին, դա նշանակում է ապրիլյան սցենարը չի անցնի»,-եզրափակեց Վովա Վարդանովը: