
Վաղը Սուրբ Զատիկի՝ Սուրբ հարության տոնն է նշելու Հայ առաքելական եկեղեցին: Տոնի խորհրդի մասին
Norlur.am-ի հետ զրույցում տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ տոնը խորհրդանշում է հավիտենականությունը: Նրա խոսքով՝ ամենից զատ կարևոր է հասկանալ, գիտակցել ու պահել տոնի հոգևոր խորհուրդը, քանի որ առանց այդ կողմի պահպանման մնացածն ավելորդ է, անիմաստ:
«Սուրբ Հարության տոնի խորհուրդը քրիստոնյաներիս համար ավետարանական ճշմարտության հիման վրա բացահայտում է աստվածային այն լույսը, որը մարդուն առաջին հերթին տալիս է ստեղծագործ կյանքով ապրելու և արարելու հնարավորություն»:
Նա նկատեց, որ այս տոնով ցույց է տրվում, որ մարդու կյանքը միայն ուտելով ու խմելով չէ, միայն երկրավոր կամ ֆիզիկական կեցությամբ չէ:
Նշենք, որ «
Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից:
Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:
Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից: Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:
Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց:
Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը:
Գիտենք նաև, որ շատերը պահք են պահում: Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ և շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով՝ ստանալ Ս. Հաղորդություն և այուհետև վայելել զատկական ուտեստը: Եթե երկարատև ծոմապահությունը պահել բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ երեկոյից և հաղորդվել կիրակի՝ զատկական Ս. Պատարագին: Եթե ծոմապահություն պահել հնարավոր չէ առողջական խնդիրների պատճառով, ապա կարող եք Ս. Հաղորդություն ստանալ երեք օրերին էլ:
Առողջությանը չվնասելու համար՝ ցանկացած պահքից և ծոմից դուրս պետք է գալ նուրբ՝ թեթև կերակուրներով՝ խաշիլներ՝ կանաչեղեն, ձուկ, զատկական փլավ, կաթնամթերք և այլն: Թեև հավկիթը համարվում է ծանր կերակուր, սակայն զատկական հավկիթը՝ իր վրա կրելով հոգևոր աստվածային շնորհ, դուրս է այդ խնդրից: