
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը շուտով կնշանակվեն Պաշտպանության նախարարի տեղակալներ: Այս լուրը քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ժամանակի հարց է դա, բայց կուսակցությունն ունի վստահություն, որ նրանք երկուսն էլ կարող են իրենց հայրենասիրական ու պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել նախարարության առջև եղած խնդիրների լուծման գործում»,-ասաց Շարմազանովը:
Նա նաև հայտնեց, որ ՀՅԴ-ի գործընկերների հետ են քննարկումներ անցկացնում ապագա կառավարության ձևավորման վերաբերյալ: Արդյունքները դեռ պարզ չեն, այդ պատճառով էլ չեն հրապարակվում: «Դեռ քննարկումներ են ընթանում»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
«Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարց, նրա խոսքով, ՀՀԿ-ի օրակարգում չկա: