«Անսպասելի էր, որ «Ծառուկյան» դաշինքը որոշեց չմասնակցել, բայց հետաքրքիր վիճակ է»

«Ուզում եմ, որ Ազգային ժողովն առաջնորդվի ազգային շահով, պոպուլիզմը քիչ օգտագործվի, գործնական աշխատանքն ավելի շատ լինի , և վստահ եմ, որ ամեն ինչ պիտի արվի, որ արդարացվի խորհրդարանական կառավարման համակարգը, քանի որ այդ ճանապարհն ենք ընտրել: Բոլորը պիտի կարողանան իրենց դրսևորոել ու Հայաստանի կառավարումը տեսանելի լինի որպես առաջընթաց»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա պատգամավորը շեշտեց, որ զարմանալի էր, որ միայն 3 ուժ է մասնակցություն ընտրություններին՝ ՀՀԿ-ը, «Ելքը», «Երկիր ծիրանին». «Ինձ համար անսպասելի էր, հատկապես որ ես ուզում էի «Ծառուկյան» դաշինքով մասնակցել,  առաջարկ էլ կար, և ինձ համար անսպասելի էր դա, բայց դա էլ հետաքրքիր իրավիճակ է: Տեսնենք՝ իշխող ուժն ու 2 ընդդիմադիրներն ինչ պայքար են մղելու ու ինչ վիճակ կլինի ավագանու կազմում: Բայց կցանկանայի, որ ավելի մեծ մասնակցություն լիներ, ընդդիմությունն էլ կարողանար ավելի մեծ, միասնական դաշինքով մասնակցել, այդ դեպքում մեծ մասնակցություն կունենար ավելի»: Նա շեշտեց, որ կարճ ժամանակ է անցել խորհրդարանական ընտրություններից ու քաղաքացիների դիրքորոշումների մեջ փոփոխություններ շատ չեն լինի, և հաշվի առնելով սա պարզ է, թե ինչ արդյունքներ կլինեն: Իսկ հարցին, թե ինչու «Ծառուկյան» դաշինքը որոշեց չմասնակցել ընտրություններին, նա ասաց. «Ես հիմք եմ ընդունում հայտարարության մեծ նշված պատճառը, որ ժամանակ չունեն ծրագրի համար, իսկ մյուսներն էլ երևի մտածել են, որ անիմաստ ծախսերի մեջ պիտի մտնեն ու արդյունք չպիտի գրանցեն, դրանով է պայմանավորված, ու դա ևս հասկանալի է: Բայց ես չեմ հիշում, որ այսքան քիչ քաղաքական ուժեր հայտ ներկայացնեն ավագանու ընտրություններին, ու հետաքրքիր է, թե ինչ դասավորումներ կլինեն»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.