Քաղաքական դաշտի թրենդը «Ելք»ին մեղադրելն է դարձել

Այսօր հերթական անգամ տապալվեց Ազգային ժողովի նիստը: Սա, ըստ կանոնակարգ-օրենքի, վերջին քառօրյան պիտի լիներ, բայց դե ընդամենը 19 պատգամավոր ներկայացավ նիստին ողջ օրվա ընթացքում: Ընդ որում, միակ խմբակցությունը, որից ոչ մի պատգամավոր չկար խորհրդարանում այսօր, «Օրինակ երկիրն» էր: Ռեբրենդինգ եղած ու ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդը» վերածված կուսակցությունը, հիշեցնենք, խորհրդարան չանցավ: Պատգամավորներն էլ, ըստ էության, ոչ տրամադրություն, ոչ էլ ցանկություն ունեին խորհրդարան այցելելու՝ հրաժեշտ տալու համար իրենց սիրելի աշխատասենյակները: Խորհրդարանում 1-2 ԲՀԿ-ականի կարելի էր գտնել, ովքեր հրաժարավում էին պատասխանել լրագրողների հարցերին, ՀՀԿ-ականների, ՀԱԿ խմբակցության մի քանի անդամների, ՀՅԴ-ից էլ միայն Արմեն Ռուստամյանը մի ակնթարթ երևաց ու անհետացավ: Այս պատկերը նաև ցույց է տալիս, թե ինչ պատկեր կա մեր ներքաղաքական դաշտում: ՀՎԿ-ն, ըստ էության, գետնի տակ կանցնի, ՀԱկ-ը խոստանում է արտախորհրդարանական պայքար ծավալել, ԲՀԿ-ն դե ԲՀԿ- է, այսինքն՝ հայաստանյան այլընտրանքը, միակ փոփոխությունը «Ելք» դաշինքն է, որ լինելու է ընդդիմության հիմնական խաղացողը: Երևանի ավագանու ընտրություններն, ըստ էության, նորից այս պատկերն են ապացուցում: Միակ տարբերությունն այն է, որ Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությունն է մասնակցել ավագանու ընտրություններին «Ելքից» ու ՀՀԿ-ից բացի: Քաղաքագետներն, ի դեպ, բավական նորմալ են գնահատում Փոստանջյանի կուսակցության շանսերը՝ հաշվի առնելով նրա վարկանիշը հասարակության մոտ: Իսկ ինքը Փոստանջյանն էլ ասում է, որ կապ չունի, որ կուսակցությունը նորաստեղծ է: Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվել էին, թե ինչու չմիացավ «Ելքին», իսկ նա էլ ասել էր, որ գաղափարախոսության, ծրագրերի, սկզբունքների տարբերություն կա: Ավելի վաղ էլ հայտարարել էր, թե «Ելքը» դեռ պիտի ապացուցիր իր ընդդիմադիր լինելը: Ի դեպ, նման ակնարկներ այսօր Լևոն Զուրաբյանն էլ է արել: Ասել է, թե «Ելքը» վերահսկվող ընդդիմություն է, բնականաբար, իշխանության կողմից: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն էլ են լռում, ոչ մի կերպ չեն բացատրում իրենց չմասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին: Միայն «Ելքի» իշխանական լինելու մեջ էին տեսել իրենց մեղքը, իրենց պարտության պատճառն ընտրությունների ժամանակ: Ստացվում է՝ ունենք իշխանություն, նրա գործընկեր ՀՅԴ, «Ելք» և «Ելքին» ոչ ընդդիմադիր լինելու մեջ մեղադրող ընդդիմադիրներ կամ «ընդդիմադիրներ»: Ներկայումս սա է մեր ճահճոտ քաղաքական դաշտի պատկերը:  
Մեկնաբանություններ