
Անցած խորհրդարանական ընտրությունները մի չափազանց վատ ու չափազանց ընդգծված առանձնահատկությամբ աչքի ընկան. բնակչությանը բաժանած ընտրակաշառքի ծավալներն ուղղակի աննախադեպ էին: Կա կարծիք, որ մոտ 100 մլն դոլարի հասնող գումար է ընտրակաշառքի տեսքով բաժանվել ժողովրդին:
Թե հատկապես ովքեր են հանդես եկել նման խոշորածավալ գումարների դոնորի դերում, այնքան էլ դժվար չէ կռահել. դրանք հիմնականում հանրությանը քաջ հայտնի օլիգարխներն են, որոնց ուսերին է, որ ընկած է եղել ընտրությունների անցկացման ողջ ֆինանսական բեռը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ծախսված փողերը նույն այդ մոնոպոլիստներն ու օլիգարխներն այսպես թե այնպես պետք է հետ բերեն. դա է պահանջում բիզնեսի տարրական օրենքները:
Պարզվում է` հետընտրական այս շրջանում կտրուկ կերպով ավելացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների գները. թանկացած ապրանքատեսակներից է բենզինը: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամով, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամով, սուպեր տեսակինը՝ 420 դրամով: Թանկացել է նաև դիզելային վառելիքը. այն 350 դրամից դարձել է 360 դրամ: Բացի բենզինից՝ վերջին շրջանում թանկացել է նաև բանանը, որի ներկրման մենաշնորհը պատկանում է «Քեթրին գրուպին», որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը: Բացի սրանցից` մի շարք ապրանքատեսակների պարագայում ևս հստակ գնաճ է նկատվել:
Ամեն անգամ, երբ խոսվում է «ընտրակաշառք» երևույթի կործանարար հատկանիշների մասին, ամեն անգամ, երբ կոչ է հնչում` կամք դրսևորելու ու ձեռնպահ մնալու ձայնավաճառության գնալուց, միգուցե շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նման կոչերն աղքատ հասարակությունում զուր են ու անիմաստ. վերցնողը վերցնում է, իսկ չվերցնողն էլ չի վերցում: Միգուցե նման կերպ մտածողներն ինչ-որ տեղ ճիշտ են, միգուցե, որոշակի տրամաբանություն կա այդ ամենում: Սակայն հարց է առաջանում` քանի՞ կոպեկ արժե 10000 դրամը մի պարագայում, երբ շուկայում ընտրություններից հետո այնպիսի գնաճ է արձանագրվում, որ ի չիք է դարձնում կաշառատվության` տնտեսության մեջ ռաջ բերած դրական էֆեկտները.ցավոք, այն օրին ենք հասել, որ տնտեսական դրական էֆեկտ միայն ակնկալում ենք ընտրակաշառքների արդյունքում, բայց ոչ երբեք ասենք նոր գործարանի բացման…
Հետևաբար`որպեսզի հնարավոր լինի խուսափել նմանօրինակ տեսարաններիցից, որն ինքն իրենով մի իսկական ծաղր է հիշեցնում, հասարակությունը պարտավոր է կամք դրսևորել, չտրվել պահի ազդեցությանն ու հասկանալ, որ ձայնավաճառությամբ բացի պետության հիմքերը խարխլելուց, ուրիշ ոչնչի չի կարելի հասնել:
Թե մինչև երբ է հայաստանյան հասարակությունը մնալու մանկապարտեզային մակարդակի, շատ մեծ հարցական է, քանի որ դատելով նույն այդ հասարակության ներսում ընթացող որոշ անառողջ պրոցեսներից` կարելի է ասել, որ անդունդից ելքը դեռևս չի երեևում. իրավիճակ փոխելու համար մեզ բանիմաց մարդիկ են անհրաժեշտ, որոնց թիվն այսօր Հայաստանում, ըստ էության, չնչին տոկոս է կազմում. հնդկական սերիալների հետևանքն է…