Ջավադյանը խոստովանեց սեփական պարտությունը

Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ, երբ դեռևս նախընտրական շրջանի շունչը զգալի էր ընդամենը հեռվից, երկրի Կենտրոնական բանկը` Արթուր Ջավադյանի նախագահությամբ, մի չափազանց գովելի ու հայաստանյան իրականության պայմաններում ոչ այնքան սովորական քայլի էր գնացել. իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս քայլը, ըստ մտահղացման, պետք է մեծապես խթաներ բանկային ոլորտն, ու մասնավոր առևտրային բանկերի կողմից ՀՀ բնակչությանը տրվող վարկերի տոկոսադրույքներն էականորեն էժանցներ`դարձնելով բնակչության համար հացի ու ջրի արժեք ձեռք բերած վարկերն առավել մատչելի: Մի խոսքով` արվել էր քայլ, որի կարիքը բավական երկար ժամանակ է` զգացվում էր, բայց որին Կենտրոնկան բանկն այդպես էլ չէր համարձակվում դիմել: Ավելին` նույն Կենտրոնական բանկից հնչում էին հավաստիացումներ կամ, ավելի ճիշտ, չէին բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկին անգամ իջեցում, որի նպատակն էր լինելու իբր նկատվող դրական միտումների խորացումն ու դրանց խթանումը: Պարզվում է, սակայն, բոլոր նմանատիպ խոսակցություններն իրականում անհիմն էին, ու առաջիկայում`գոնե տեսանելի ապագայում, ոչինչ էլ ԿԲ-ն առանձնապես չի պատրաստվում բնակչությանը բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքների էժանացման ուղղությամբ ձեռնարկել. Reuters-ի հետ զրույցում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է` ՀՀ Կենտրոնական բանկը մտադիր չէ շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացումը, քանի որ ցածր տոկոսադրույքները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել։ Իսկ որպես այդ որոշման հիմնավորում ԿԲ նախագահը համարել է այն, որ տոկոսադրույքի կրկին անգամ իջեցումը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա. ԿԲ-ն դրամավարկային պայմանների մեղմացումը բավարար է համարում։ Նշենք, որ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ հերթական որոշումը կայացնելու է վաղը՝ մարտի 28-ին: Այն, որ Հայաստանում բակերի կողմից բնակչությանը տրվող վարկերի տոկոսադրույնքերն ամենաբարձրերից են աշխարհում, անքննարկելի է: Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը հատ առ հատ ուսումնասիրել աշխարհում այս ոլորտում տիրող պատկերը: Միգուցե և Ջավադյանի կողմից բերված պատճառաբանությունները հիմնավոր են, գուցե և  վերաֆինանսավորման տոկոսադրույքի` հավելյալ անգամ իջեցումը կարող է և բացասաբար անդրադառնալ ընդհանուր տնտեսության վրա, բայց հարց է առաջնում` ո՞րն էր նախորդ անգամվա իջեցման իմաստն ան պարագայում, երբ այդ իջեցումը փաստացի ոչ մի արդյունք չտվեց. բանկերի կողմից բնակչությանը տրվող վարկերն ինչպես թանկ կային, այդպես էլ մնացին: Իսկ միգուցե առհասարա՞կ չարժեր տոկոսադրույք իջեցնել, միգուցե դա այնքա՞ն էլ արդարացված որոշում չէր`չնայած դրա ականջահաճությանը. օգուտը, համենայնդեպս, սպասվածից անհամեմատ քիչ էր: Ակնհայտ է մեկ բան`իրականում ամիսներ առաջվա որոշումը նպատակ ուներ բարեհաճ մթնոլորտ ստեղծել ընտրություններին ընդառաջ ու գուցե կարճ ժամանակահատվածով իրոք հանգեցնել վարկերի էժանացմանը: Պարզվեց, սակայն, որ մեր երկրում իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ Կենտրոնական բանկի համապատասխան քաղաքականությունն ու ժեստը չեն կարողանում իրավիճակ փոխել: Մի քանի օրից ընտրությունները կավարտվեն, ու այլևս ոչ ոք սեփական կաշվից դուրս գալու անհրաժեշտություն չի ունենա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.