
«Նախ Սեյրան Օհանյանը պետք է հանցանք գործի, որ լինի հաջորդը»,-
Norlur.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիր Սամվել Բաբայանի կանավորմանը հաջորդի նաև դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի ձերբակալությունն, այսպես պատասխանեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Դիտարկմանը, թե նրա անունը կապվեց ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ լավ դիզվառելիքի խառնուրդի պատմության հետ, նա արձագանքեց. «Դիզվառելիքի վերաբերյալ եթե որևէ մեկը փորձի նրան մեղադրել, Սեյրան Օհանյանը կարող է անուններ տալ: Այդ դիզվառելիքն օդից չի բերվում, և մենք էլ այն երկրում չենք ապրում, որ դիզվառելիքի մրցույթը, որ հայտարարվում է Պաշտպանության նախարարության կողմից, և ներկրումն էլ Հայաստան, տրամադրումն էլ զինվորական զորամասեր, աննկատ մնա իշխանության աչքերից:
Բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ով մենաշնորհային դիրքեր ունի Հայաստանում դիզվառելիքի կամ նույն բենզինի ներկրման պահով, ով է այդ շինծու մրցույթները շահում: Այնպես որ այդ հանցանքը՝ բանակի դիզվառելիքի հետ կապված, շատ մեծ շղթա է, և Սեյրան Օհանյանին ձերբակալելիս նրանք կարող են բացել «ավգյան ախոռները»»:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ այս դեպքում կարող է շատ մեծ հարված ստանալ հենց իշխանությունը: «Եթե Սեյրան Օհանյանն ինչ-որ տեղ մեղավորություն էլ ունի, ապա դա միայն Սեյրան Օհանյանի մեղավորությունը չէ, այդտեղ շատ այլ մարդիկ կան, ովքեր շատ մեծ գումարներ են աշխատել անորակ դիզվառելիքի մատակարարումից»:
Նա հիշեցրեց, որ դիզվառելիքի մասին դեռ նախորդ տարվա ապրիլից էր խոսվում, սակայն չգիտես ինչու, հիմա ավելի են ակտիվացել այդ մասին խոսակցությունները, և բավականին շատ հրապարակումներ կային: