Շատ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել. Արամ Մանուկյան

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահեցնում է, որ իրենց խաղաղության ծրագիրն ավելի ու ավելի է ընդունվում հասարակության կողմից: Norlur.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք չեն արձագանքում այլ քաղաքական ուժերի հայտարարություններին, թե իրենց ծրագիրը իշխանությունների պատվերն է: «Թող ծրագրից խոսեն, թող ներկայացնեն ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետը»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ ծրագիրը ներկայացնելիս իրենք շատ լավ գիտակցել են, թե ինչ քննադատությունների առիթ կդառնա այն, սակայն կարևորը ռեյտինգը չէ, իրենք դրա հետևից չեն ընկնում, այլ կարևորում են արցախյան կոնֆլիկտի լուծումը, որը Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն են համարում: «Տարիներ շարունակ այս ճշմարտությունը թաքցրել են ժողովրդից, իսկ մենք ներկայացնում ենք այդ ճշմարտությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ հասարակական տրամադրությունները փոխվում են, ավելի դրական են դառնում»: Արամ Մանուկյանն ընդգծեց, որ սա իրենց ծրագիրը չէ, այլ բանակցություններն են, որ պիտի ընթանան: «Մենք կոչ ենք անում` նստեք սեղանի շուրջ. մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք հայտնված, այս խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում»: Արամ Մանուկյանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք խոչընդոտներ կան քարոզարշավի ժամանակ, նա էլ պատասխանեց, որ մարդիկ հաճախ վախենում են մասնակցել Կոնգրեսի քարոզարշավին, քանի որ գյուղապետերից են վախենում:
Մեկնաբանություններ