Կան թույլ տրված սխալներ նույն Սամվել Բաբայանի կողմից. պիտի զգույշ լիներ

«Նախ առաջին հերթին ինձ համար շատ տարօրինակ է, որ այս նախընտրական թոհուբոհի մեջ Սամվել Բաբայանը կարող էր նման անզգուշություն իրեն թույլ տալ և փորձ կատարել «Իգլա» տեսակի հրթիռազենիտային զենքը ներս բերել: Անկեղծ ասած` ես նման տրամաբանություն չէի սպասում այն դեպքում, երբ Սամվել Բաբայանն իր` Ջրառատի քննադատական ելույթից հետո պիտի սպասեր իշխանության կողմից բոլոր քայլերին»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` խոսելով Սամվել Բաբայանի ձերբակալությունից: Ըստ նրա, իշխանություններին թույլ տալ, որ իրեն բռնեն հանցանքի պահին Սամվել Բաբայանի կողմից, անտրամաբանական է: «Իսկ այն, որ Սամվել Բաբայանը և շատ այլ քաղաքական գործիչներ, որ խնդիրներ են ստեղծում «Հանրապետական» կուսակցության համար, շատ ագրեսիվ հռետորաբանությամբ են հանդես գալիս, իշխանության կողմից ուշի ուշով վերահսկվում են, դա փաստ է: Եվ, ըստ էության, իշխանությունները պետք է այդ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց այս նախընտրական պրոցեսում շատ ագրեսիվ են պահում, պետք է «գործի վրա» բռնեն և պատժեն: Խնդիրն այն է, որ մեր ընդդիմադիր գործիչները պետք է շատ զգույշ լինեն»,-շեշտեց նա: Ինչ վերաբերում է թե Սամվել Բաբայանի, թե ԱԱԾ-ի հայտարարություններին, ապա քաղաքագետն ընդգծեց, որ պետք է հավատալ փաստերին: «Ես հիմա չեմ կարող կոնկրետ ասել, թե որ կողմն է ճիշտ, բայց այն, որ կան թույլ տրված սխալներ նույն Սամվել Բաբայանի կողմից, դա փաստ է»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ