Կլռի՞, արդյոք, Նալբանդյանը

Դեռևս ներքին մարտահրավերներին լուծում չգտած` Հայաստանը կարծես կրկին բախվում է արտաքին հերթական խնդրին: Խնդիրն այդ, սակայն, պետք է նկատել, չափազանց նուրբ է ու  ավելի շատ առնչվում է դիվանագիտական հարթությանը, քան Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգությանը. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին օրերս առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Թե ինչ կարող է նշանակել ազերի պաշտոնյայի հնարավոր հաղթանակն այս պարագայում, թերևս, հասկանալի է ցանկցածին: Նախ` դա մեծ հարված կդառնա` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակության դեմ ուղղված, քանի որ այդ կազմակերպությունն ի դեմս Փոլադ Բյուլբյուլօղլու ունենալու է մշակութային ցեղասպանությանը սատարող, հակամարդկային արժեքներով առաջնորդվող  քարտուղար. մինչև Մոսկվայում դեսպան նշանակվելը Բյուլբյուլօղլին, լինելով Ադրբեջանի մշակույթի նախարար, առանցքային դերակատարություն  է ունեցել Ադրբեջանում, Արցախում և Նախիջևանում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործում: Իսկ արդեն Մոսկվայում նա չի դադարել արմենաֆոբ քաղաքականություն տանել, ինչը, ի դեպ, ինչպես նկատել են  մի շարք դիվանագետներ, ամենևին հարիր չէ դիվանագետին՝ բոլոր գրված և չգրված օրենքներով: Երկրորդ`սա չափազանց վտանգավոր կարող է լինել մեր երկրի համար, քանզի Փոլադ Բյուլբյուլօղլին, բացի ադրբեջանցի և այդ երկրի դիվանագետը լինելուց, նաև լիովին սատարում է Հայաստանի հանդեպ իր պետության անմարդկային դիրքորոշումը:Մի խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ-ն կվերածվի թիվ մեկ հակահայ կառույցի ու կարող է էականորեն թուլացնել, վարկաբեկել Հայաստանը միջազգային կարևոր հարթակներում: Ստեղծված սպառնալիքն, անկասկած, պետք է ստանա իր համարժեք հակահարվածը, որը պետք է լինի նախևառաջ պաշտոնական Երևանի հստակ դիրքորոշման տեսքով: ՀՀ արտգործնախարարությունը, որը, ցավոք, նմանատիպ դեպքերում, ինչպես կյանքն ու պրակտիկան են ապացուցում, այնքան էլ ակտիվորեն իրեն չի դրսևորում, պետք է ակտիվանա, ու մեր դիվանագետները, բայց հատկապես ՌԴ-ում նորանշանակ մեր դեսպանը պետք է իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ  ազերու թեկնածության: Սա, եթե կուզեք, ինքնատիպ քննություն կարող է լինել նորանշանակ դեսպանի համար: Կարձագանքի՞, արդյոք, պաշտոնական Երևանը ստեղծված իրավիճակին, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ մենք լռել չենք կարող, անվիճելի է. Ադրբեջանը մեր փոխարեն հիմա իսկական վայնասուն էր բարձրացրել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.