Արթուր Սարգսյանի դեպքում էլ էին ասում` ամեն ինչ նորմալ է, բուժման կարիք չունի. Վ. Շիրխանյանի փաստաբան

Նորք-Մարաշում զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, ոչ մի դրական փոփոխություն չկա: Այս մասին Norlur.am-ին փոխանցեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը: «Տեղաշարժվել չի կարողանում Վահան Շիրխանյանը, ինչպես և նախկինում էր, հիմա էլ այդպես է»: Հիշեցնենք, որ փաստաբանն ավելի վաղ հրապարակային մտահոգություններ էր ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը: Փաստաբանը արդեն մի քանի անգամ դիմել է, որպեսզի Վահան Շիրխանյանին տեղափոխեն որևէ բժշկական կենտրոն, սակայն ապարդյուն: «Իրանք նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի դեպքում էլ էին ասում, որ ամեն ինչ նորմալ է, որ բուժման կարիք չունի, կալանքի տակ գտնվելը հակացուցված չէ այդ առողջական պայմաններով: Այսինքն` իրենց ոչ մի բառին այդ առումով չի կարելի վստահել, իրենք ոչ կոմպետենտ են դրսևորվում»,-ասաց Հայկ Ալումյանը: Ըստ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի`  Վ. Շիրխանյանը քաղաքացիական բժշկական հաստատությունում հետազոտվելուց հետո կրկին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել ս.թ. մարտի 3-ին և ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի: 2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 21-ին կալանավորվել է։ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը կատարվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։ 2016 թվականի փետրվարի 15-ին Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը, վրաերթի է ենթարկվում և ծանր վիճակում տեղափոխվում է բուժհիմնարկ: 2016 թվականի հուլիսի 14-ին հանկարծամահ է լինում Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը։ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի հանդեպ անօրինական գործողությունների դեմ գանգատ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ: Լուսանկարը` armlur.am-ի:
Մեկնաբանություններ