
«Գիտեք՝ ընտրություններից հետոյի մասին կխոսենք ընտրություններից հետո»,-
Norlur.am-ի հարցին, թե ինչ արձագանք ունի «Ելք» դաշինքը ՕՐՕ դաշինքի տարածած հայտարարության վերաբերյալ, որում խոսվում էր հետընտրական կոալիցիայի կազմելու մասին բոլոր քաղաքական ուժերի հետ միասին, այսպես պատասխանեց դաշինքի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե այսինքն վաղ է համարում նման հարցերը հիմա քննարկել, նա արձագանքեց. «Այդ հարցի վերաբերյալ մենք տասնյակ անգամ դիրքորոշում հայտարարել ենք: Մեկը մեր հայտարարած դիրքորոշումը քոփի անի, տարածի, հետո մեզ ասեն՝ դե մեկնաբանեք դա: Մենք արդեն ասել ենք այդ մասին չէ՞»:
Դիտարկմանը, թե իրենք հիմա նոր են հայտարարում այս մասին, նա պատասխանեց. «Դե հա, իրենք նոր են հայտարարում, բայց մեր հին հայտարարությունը իրենք նոր հայտարարեն, մեկ էլ լրագրողներն ասեն՝ իրենց հայտարարությունը ո՞նց եք մեկնաբանում: Մենք մեր հայտարարությունը վաղուց արել ենք և այդ կոնտեքստում կարելի է ամեն ինչին նայել»:
Հիշեցնենք, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը իր պատրաստականությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր:
«Հայկական վերածնունդը» սրա վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել. «Ինչ վերաբերվում է հետընտրական կոալիցիաներ կազմելուն, ապա ինչպես եւ նախկինում, այժմ եւս հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որեւիցե ձեւաչափով, որեւիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական եւ լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության շուրջ կոալիցիա ձեւավորելու փաստն իրականություն դարձնելու համար:
Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա եւ հնարավոր կոալիցիայի մեր բանաձեւը»,- նշել են ՀՎԿ-ից:
«Ազատ դեմոկրատներից» ևս ասել են, թե դեռ վաղ է նման հարց քննարկել:
Այլ ուժերից ևս նման պատասխան է հնչել: