Սահակյանները ճնշում են գործում Աշտարակի քաղաքապետի վրա

Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա եղբայր Նաիրի Սահակյանը, որը ՀՀԿ-ից առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով, շարունակում են վախի մթնոլորտ սերմանել մարզում ու ադմինիստրատիվ ռեսուրսների ակտիվ կիրառմամբ իրականացնել իրենց քարոզարշավը: Հասկանալով, որ Արագածոտնի մարզում նրանք չունեն բավականաչափ վարկանիշ, Սահակյան եղբայրները փորձում են իրենց քարոզարշավում ներառել հանրապետության ղեկավարության և Հանրապետական կուսակցության ողջ ռեսորսը: ELQ-ին հայտնի է դարձել, որ շաբաթ օրը մարզ է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպել ՀՀԿ-ական թեկնածուների հետ և հանդիպման ժամանակ դժգոհություն հայտնել նրանց պասիվությունից: Հաջորդ օրն իսկ Սահակյան եղբայրները մարզ են հրավիրել նաև նախագահի եղբայր Լևոն Սարգսյանին՝ Երևանի մշակութային էլիտայի հետ միասին ու փորձել են դա ներկայացնել, թե իբր Լևոն Սարգսյանի այցը հանրապետության ղեկավարի այցի տրամաբանական շարունակությունն է: Մեր աղբյուրի հաղորդմամբ, Երևանից ժամանած հյուրերի պատվին տրվել է ճոխ ճաշկերույթ, որին հրավիրվել է նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը մինչ այդ որևէ թեկնածուի առումով աչքի չի ընկել նախընտրական քարոզչությանն իր ակտիվ մասնակցությամբ: Խնջույթի ընթացքում Սահակյան եղբայրների և ՀՀԿ-ական էլիտայի կողմից փորձ է արվել ճնշում գործադրել Աշտարակի քաղաքապետի վրա, որպեսզի նա աշխատի Նաիրի Սահակյանի օգտին: Այս ամենը հարուցել է մարզի մյուս ՀՀԿ-ական թեկնածուների դժգոհությունը, նրանք մասնավորապես բողոքել են, որ կուսակցությունը, փաստորեն, իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է հենց եղբայրների օգտին քարոզարշավ տանելու վրա, մինչդեռ, ըստ իրենց կարծիքի, կան ավելի արժանի թեկնածուներ: Ինչու չէ՝ նաև գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Չնայած ՀՀԿ-ի խոստումներին, որ կուսակցությունը պատրաստվում է ասպարեզ բերել նոր, երիտասարդ ու կրթված դեմքեր, իշխող կուսակցությունը նախկինի պես շեշտը դնում է հին, հանրության կողմից որոշ դեպքերում անգամ անընդունելի, «դարն ապրած» թեկնածուների վրա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.