Հայկական կինոն դուրս կգա արտասահմանյան կինոշուկա. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր (տեսանյութ)

89a2af2d-1f5d-4163-b5e7-8a420de6ac23-1-770x_

Հայկական կինոն դուրս կգա արտասահմանյան կինոշուկա: Հաշվի առնելով զարգացման արդի փուլում ժամանակակից հայկական կինոարտադրության առջև ծառացած մարտահրավերները, կարևորելով կինոյի մասնագիտական հանրույթի և բիզնես ոլորտը ներկայացնող անհատների, կառույցների և կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցությունը՝ «Գագիկ Ծառուկյան հիմնադրամը» և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր:

«Կինոոլորտը զարգացնելու համար «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի համար ևս հետաքրքրիր փորձառություն է: Սա մեծ ու նոր դաշտ է, ինչին վերաբերվում ենք մեծագույն պատասխանատվությամբ»,- ասաց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանը:

Հուշագրի նպատակն է՝ աջակցել հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկեր գտնելուն, հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը, քրիստոնյա բնօրրան երկիրը՝ որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով՝ Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը: Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող առաջին ծրագիրը կհանդիսանա  «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 2025 թվականի մայիսի 13-21-ը Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ  տաղավարի «Գլխավոր հովանավոր» տիտղոսի ձեռքբերումը:

«Սա պատմական իրադարձություն է, քանի որ Սփյուռքում ապրող հայազգի կինոգործիչների համար  Կաննում կհիմնադրվի ֆիլմարտադրողների համար մշակութային դեսպանատուն, որը հնարավորություն կտա  միավորել   բոլոր հայ կինոգործիչներին Հայաստանում և Սփյուռքում»,- եզրափակեց  «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» խորհրդի նախագահ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: