Կրթվել պիտի լինի պարտադիր, ոչ թե նորաձև. «Ես իմ անուշ Հայաստանի» նախագծի հեղինակ

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացրել է «Ես իմ անուշ Հայաստանի» նախագծի հեղինակ Անուշիկ Առաքելյանի «Ե՞րբ է դառնում կրթությունը նորաձև» վերտառությամբ հոդվածը, որը հրապարակված է ստորև.
«Ուզում եմ անդրադառնալ այսօր անընդհատ շրջանառվող՝ «Կրթությունը նորաձև է» արտահայտությանը: Ավելին՝ սրանից ուզում են արհեստականորեն սարքել ինչ-որ հանրային շարժում։ Կարծում եմ, որ կրթությունը և նորաձևությունը տարբեր եզրույթներ են, կրթությունը երբևէ չի հնանում, պետք է կրթվել միշտ և դա պիտի լինի պարտադիր, ոչ թե նորաձև: Եթե դու այդ գաղափարի կրողն ես, առաջին օրվանից, երբ հայտնվում ես ինչ-որ տիրույթում որպես ղեկավար, չպիտի սպասես տարիներ, այնուհետև որոշես, որ կրթությունը նորաձև է, դա միշտ քեզ հետ է: Երթ որևէ մեկը հնչեցնում է այդ արտահայտությունը, հասկանում ես, որ նա դրա կրողն է, կան մարդիկ էլ, ովքեր հնչեցնում են այդ արտահայտությունը՝ պարզ է, որ դրա կրողը չեն: Որևէ երևույթ չի դառնա նորաձև, եթե դու դրա մասին ուղղակի խոսես, բայց կրողը չլինես։
Կարծում եմ կրթությունը նորաձև դարձնելու համար պետք մի գործոն իրականացնել՝ բարձր գնահատել ուսուցչի աշխատանքը, նաև նյութապես, ուսուցչի և դասախոսի աշխատանքը հարկավոր է հերոսացնել: Շատերը կցանկանան ընտրել այդ մասնագիտությունը և կշարունակեն հպարտությամբ կրթել եկող սերունդներին, իսկ կրթության շնորհիվ մարդն արժանապատվություն ձեռք կբերի և կձևավորվի բարեկիրթ հասարակություն:
Դենի Դիդրոն ասել է. «Կրթությունը մարդուն արժանապատվություն է հաղորդում, անգամ ստրուկն է սկսում գիտակցել, որ ինքը ստրկության համար չի ծնվել»:
Կրթված մարդը երբեք չի կորցնում չափի զգացողությունը, կրթված մարդու հետ անգամ վիճելն է հաճելի: Ես չեմ ասում, որ կրթությունը մարդու որակի միակ որոշիչ գործոնն է, կարևոր է նաև ծնողի դաստիարակությունը։ Եթե ծնողն իր օրինակով ցույց չի տալիս կրթության հանդեպ որևէ կարևորություն և պատասխանատվություն, անհնար է նրան ուղղակի բառերով քարոզել։
Դու չես կարող ինչ-որ պատասխանատու հարթակից խոսել կրթության մասին, եթե քո խոսույթը պարունակում է ագրեսիա, տգեղ ձևակերպումներ և չվերահսկվող ժեստեր: Շատ պարզ ճշմարտություն կա՝ որքան վերևում ես, այնքան քո դրսևորումների ազատությունն ու ակտիվությունը սահմանափակվում է, քանի որ երբ ղեկավարը վերևում սկսում է անվերհսկելի ակտիվություն, ներքևում ձևավորվում է քաոս, սա ուղիղ համեմատական է մարդու կեցվածքի հետ, ամենավերևում կանգնած մարդը պետք է մնա «անշարժ», նրա խոսքը պետք է լինի կոռեկտ, բարկությունը՝ զուսպ, միտքը՝ սիրո և հանդուրժողական տողերով լի, միախմբող, սաստող, վերահսկող, ծանրակշիռ ու ազդեցիկ, ինչպես բնորոշ է տան մեծին:
Այո, ամեն բան այս կյանքում իր գինն ունի, սա էլ ղեկավար պաշտոնի գինն է:
Եվ նորից իրարարամերժ իրականություն։ Իսկ կրթվել, իրոք, մեր հասարակությանը խիստ պետք է. սկսած պարզ գրագիտությունից, մինչև կենցաղ, պարզ մարդկային համակեցության կաննոներից մինչև սեփական իրավունքների տարրական պաշտպանություն, մինչև սեփական տան (պետության) հանդեպ հոգատարությունից մինչև գիտակցված քվեարկություն՝ բոլոր ընտրություններում»։