Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացու կողմից հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է անգիտակից վիճակում, վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52/2 շենքից, իսկ այդ շենքն ավելի շատ հայտնի է «Անկախ մայլա թաղամաս» անունով։
Ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են «ՏՏ» տիպի ատրճանակ, պարկուճներ և ըստ նախնական տեղեկությունների՝ նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։